Նորություններ
Լրացավ ,,Պատվո բլուր,, հուշահամալիրի 5-րդ տարելիցը
16.09.2015
Սեպտեմբերի 16--ին ,,Պատվո բլուր,, հուշահամալիրի վերաբացման հնգամյա հոբելյանի առիթով հուշարձանի տարածքում անցկացվեց հոգեհանգստի կարգ: Արարողությանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ելույթի ժամանակ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարևորեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշելով, որ այս հուշահամալիրը այդ բարեկամության վառ ապացույցն է:
Շիրակի մարզպետն էլ իր խոսքում ընդգծեց, որ <Պատվո բլուր> հուշահամալիրի բացումն իրապես պատմական իրադարձություն կարելի է համարել:
5տարի առաջ` օգոստոսի 20-ին, վերաբացվեց այս հուշահամալիրը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ և ՀՀ նախագահները: Այս իրադարձությունը առավել սերտացրեց հայ-ռուսական բազմադարյա բարեկամությունը: Հուշահամալիրի վերաբացումը ևս մեկ ապացույց էր, որ մեր երկու ժողովուրդները փառքով են հիշում և խնկարկում իրենց այն որդիներին, որոնք զոհվել են հանուն ազատության:
Այսօր էլ, հինգ տարի անց, մենք այստեղ ենք, որպեսզի վառ պահենք նրանց հիշատակը, կրկին ու կրկին շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել համալիրի վերակառուցման համար>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին հուշարձանին, այցելեցին տարածքում գտնվող ռուսական մատուռ:
«Պատվո բլուր» հուշահամալիրում ամփոփված են 1855թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների մասունքները: 2009թ. Շիրակի եւ ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ եւ հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով, այս տարածքում իրականացվել են բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան: