Նորություններ
Ոսուցչի տոնը նշվեց Հառիճի վանական համալիրում
05.10.2015
Հոկտեմբերի 5-ին Հառիճի վանական համալիրում ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը կազմակերպել էր ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որն այս տարիհամընկավ ,,Շիրակ-Արցախ մշակութային օր,, միջոցառումների շրջանակում ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ-ի Ասկերանի վարչատարածքի միջև պարբերաբար կազմակերպվող փոխայցելությունների հետ: Տեղի ընտրությունն էլ պատահական չէր, Հառիճի վանական համալիրում էր ճգնել մեծ ուսուցիչ ու վարդապետ Կոմիտասը: Արցախյան 16 հոգուց բաղկացած պատվիրակությունից զատ, միջոցառմանը հրավիրված էին Շիրակի մարզի երաժտական, արվեստի դպրոցների և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները: Ինչպես նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ս. Մինասյանը. ,,Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այս տարի ևս Ասկերանից ժամանած պատվիրակությունը` կազմված կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներից` ժամանել է Շիրակի մարզ` մեզ հետ այս հիասքանչ վայրում տոնելու ուսուցչի օրը` տոն, որի խորհուրդն արժևորվում է Կոմիտասի հիշատակին խոնարհումով: Համոզված եմ` մեր այս համագործակցության արդյունքում կշահենք բոլորս,,: ԼՂՀ Ասկերանի տարածաշրջանի կրթության բաժնի պետ Շահեն Աղաբաբյանն էլ ավելացրեց, որ այս համագործակցությունը միայն փորձի փոխանակումով չի ավարտվի, կլինեն նաև գործնական քայլեր: Կրթության, մարմնակրթության, մշակույթի գործում ունեցած ավանդի համար` ուսուցչի օրվա կապակցությամբ Ասկերանի շրջանի պատվիրակության և Շիրակի մարզի կրթական, մարզական ու մշակութային ուսումնական հաստատությունների մոտ 40 ներկայացուցիչներ պարգևատրվեցին ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգրով ու հուշանվերով: Միջոցառման համերգային մասում ելույթ ունենցան Գյումրու պետական ժողովրդական գործիքների և սիմֆոնիկ նվագախմբերը, Արթիկի Ա.Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, անհատ կատարողներ և երաժիշտներ: