Նորություններ
Վերաօծվեց Հայրենյացի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին
10.10.2015
Երկար տարիների «անգործությունից» հետո հոկտեմբերի 10-ին մեծ հանդիսությամբ վերաօծվեց Հայրենյացի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին: 1800 ականներին կառուցված եկեղեցին հետաքրիր է իր ճարտարապետական տեսքով. այդ ժամանակներին հատուկ բազիլիկ եկեղեցին հատագայում դարձել է գմբեթավոր: Գյուղի բնակիչները պատմում են, որ եկեղեցին ունեցել է վերնամաս, որը կանանց և երեխաների համար ծառայել է որպես թաքստոց՝ թշնամիններից պաշտպանվելու համար, հետագայում կառուցվել է գմբեթը, տեղադրվել է խաչը: Գյուղը նախկինում ունեցել է Սանգյառ, Սոնգյուռլի, Սոնգյուրլիգ, Սոնգյուրլու, Սունգուռլի անվանումները: Հայրենյաց է վերանվանվել 1946 թ.ին: Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 18291830թթ.ին: Բնակություն հաստատելով գյուղում՝ ինչպես հայկական մյուս գյուղերում, առաջինը կառուցում են եկեղեցի, որը խորհրդային տարիներին, մյուս եկեղեցիների նման, չի ծառայում իր նպատակին, այլ վերածվում է պահեստի: Եկեղեցին գտնվում է Արթիկի թեմի հսկողության ներքո, բայց վերականգնման աշխատաքները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ Շիրակի ու Արթիկի թեմերը մեկ թեմ էին՝ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ: Եկեղեցին վերականգելու նախաձեռնությամբ հանդես է եկել գյումրիաբնակ, ծնունդով Հայրենյաց գյուղի բնակիչ Սոս Անդրեասյանը, ում աջակցությամբ եկեղեցին վերանորոգվել է, հարստացել նոր որմնանակարներով: Եկեղեցու վերանորոգման ճարտարապետը Սուրեն Կուռազյանն է: Եկեղեցին վերաօծվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ: Միքայել սրբազանը, շնորհավորելով ինչպես Հայրենյաց, այնպես էլ հարակից գյուղերի բնակիչներին նմանատիպ եկեղեցի ունենալու առթիվ` հույս հայտենց, որ կշատանա այն մարդկանց թիվը, ովքեր չնայած իրենց ֆինանսական դրությանը, իրենց ուժերի սահմաններում կօգնեն եկեղեցին նորոգել ու կառուցել: «Այս տարածքի ամենածաղկուն եկեղեցին կարելի է սա համարել և, ընդհանարպես, նաև Արթիկի թեմում: Ընդհանուր առմամբ, Արթիկի տարածքում հիմա ավելի շատ գործող եկեղեցիներ կան: Այդ իմաստով Արթիկի թեմն արդեն բոլոր թեմերի մեջ առաջինն է իր գործող եկեղեցիների թվով՝ ի համեմատություն չգործող եկեղեցիների: Դա բոլորիս վաստակն է», իր խոսքում նշեց Միքայել եպիսկոպոսը: «Այսօր հայ եկեղեցին տոնակատարում է Թարգմանչաց տոնը, հետևաբար մեզ համար կրկնակի ուրախություն է ու կրկնակի տոնակատարություն: Այսօր բոլորը միասին ուրախության մեջ են՝ երկնքում հաղթանակած եկեղեցին, երկրի վրա՝ մենք, որ վերջապես 7 տարի շարունակ աշխատանքներից հետո՝ շնորհիվ նվիրյալ մարդկանց ջանքերի, եկեղեցին այսօր կատարելապես իր դռները բացեց վավերական ձևով՝ որպես գործող ու օծված եկեղեցի: Բայց, որպես գյուղի ժողովուրդ, պետք է լավ իմանաք, որ միայն կառուցելը չէ կարևոր՝ քարերը կմնան լոկ քարեր, եթե ձեր աղոթքով չսրբագործվեն, տաճարը կմնա լոկ քարեղեն կառույց, եթե այստեղ ժամերգություն կամ պատարգ չմատուցվի: Ուրեմն՝ շինարարները չարչարվեցին, բարերարները հոգացին, սրբազանը օծեց, բայց եկեղեցին դուք պետք է պահեք՝ ձեր աղոթքով ու կենցաղավարությամբ», նշեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ ոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը՝ հույս հայտնելով, որ Արթիկի թեմում կշարունակվեն չգործող եկեղեցիների վերականգնման ծրագրերը՝ ի շնորհիվ բարեպաշտ հայորդիների: Ավելացնենք, որ միջոցառմանը ներկա էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, տեղակալ Հարություն Արշակյանը, Աժ պատգամավորներ` արմատներով Հայրենյաց գյուղից Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը և Արթիկի տարածաշրջանից ընտրված Մուշեղ Պետոյանը, գյուղաբնակներ: Արմենուհի Մխոյան