Նորություններ
Թուրք գրողի ստեղծագործության սկզբնախաղը Գյումրու դրամատիկականում
14.10.2015
Հոկտեմբերի 14-ին, ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ ազգությամբ թուրք գրող և հրապարակախոս Քեմալ Յալչինի «Հոգիս ձեզմով կը խայտայ» գիրքի հիման վրա բեմադրված փաստագրական դրամայի բեմադրությունը, որը պատմում է Թուրքիայում բնակվող այն հայերի մասին, որոնք շարունակում են ապրել իրենց նախնիների հողի վրա՝ գաղտնի պահելով իրենց հայկական ժառանգությունը, անգամ կրոնը: Ներկայացման բեմելը տեղի է ունեցել Նյու Յորքում` ամռանը: Թաթերգության հեղինակ և բեմադրիչն է Երևանի Գ․Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի նախկին շնորհաշատ դերասանուհի, այժմ Նյու Յորքի «Սփյուռքի Ձայն» հեռուստածրագրի հիմնադիր և տնօրեն Կարինե Քոչարյանը, ով ներկայացման մեջ մարմնավորում էր տիկին Ջեհիանի կերպարը: Գլխավոր դերակատարներն էին հանրահայտ դերասան Արթուր Կարապետյանը (Քեմալ) և Երևանի Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ճանաչված դերասանուհի Սաթիկ Հախնազարյանը (Մելինե): Բեմադրությանը ներկա էր նաև գրող Քեմալ Յալչինը, որն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց բեմադրության հեղինակին ու դերասանական ողջ խմբին: Քեմալ Յալչինը սովորել և ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում։ Նրա գիրքը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ինչպես նաև հայերեն։ Ներկայացումը, որ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ: ,,Գիտեմ, որ իմ արածները ձեզ համար շատ քիչ են: Ցեղասպանությունը, իմ կարծիքով, հիմա էլ շարունակվում է, քանի որ թուրքական իշխանությունները ժխտում են կատարվածն ու չեն ընդունում: Եվ, որպեսզի այն դադարի՝ պետք է առերեսվել պատմությանը, հակառակ դեպքում տարածաշրջանում խաղաղություն չի լինի» իր խոսքում նշեց թուրք գրողը: 2016 թվականին այս ներկայացումը նախատեսում են ցուցադրել Թուրքիայում: Քեմալ Յալչինի ցանկությունը մեկն է, որ այս թատերագրությունը նպաստի հայ և թուրք ժողովուրդների բարեկամությանը: