Նորություններ
Հերթական հանդիպումը ՊՆ 4-րդ կորպուսի ծառայողների հետ
16.10.2015
Հոկտեմբերի 16-ին Գյումրու Հոկտեմբեր կ/թ դահլիճում, ՊՆ-4 բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ հայոց բանակում իրենց լավագույնը դրսևորած զինծառայողների հերթական հանդիպումը վերջիններիս ծնողների և հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն մարզից զորակոչված զինծառայողների ծնողները, այլև հայրենիքի պաշտպանի կոչումը պատվով կրող 4-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերում իրենց ծառայությունը կատարող Շիրակի մարզից զորակոչված լավագույն զինվորները: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն իր խոսքում ասաց, որ հայրենիքը սկսվում է զինվորից: «Զինվորը նշանակում է տղամարդ, տղամարդու հիմնական պարտականություններից մեկն է զինվոր լինելը: Մեր երկիրն այնպիսի պայմաններում է գտնվում, որ մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս լինել զինվոր, ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք, իսկ տղամարդիկ առավել եւս զենքով, զինամթերքով, նվիրումով զինվոր, մեռնելու պատրաստ, բայց ապրելու զինվոր», -ասաց Սրբազանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ հավելեց, որ հայրենիքը սկսվում է տնից: «Ով իր տունը պահպանում է, հայրենիքն է պահպանում»,-ասաց մարզպետը: Նա սրբապատկեր նվիրեց 4-րդ կորպուսի հրամանատարությանը, որպեսզի այդ կորպուսում ծառայող զինվորներին սրբապատկերը պահապան լինի: Մարզպետը չմոռացավ շնորհավորել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին 1794 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայ անդրանիկ թերթը՝ «Ազդարար»-ը հիմնելու կապակցությամբ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին խնդրեց 3 օր էլ ավելացնել արձակուրդին իր, մարզպետի ու Միքայել եպիսկոպոս Աջապահյանի «խաթր» և նվերներ ու պատվոգրեր հանձնեց զին ծառայողներին և հրամանատարությանը: Առավել ազդեցիկ էր 4-րդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ելույթը: Նա, ներկայացնելով իր անցած ճանապարհը ու խոսելով 4-րդ կորպուսի ստեղծման մասին, ասաց. «Ես ճիշտ եմ արել, որ դարձել եմ զինվորական, որովհետեւ ես այլ անելիք չունեի, ես ծնվել եմ հենց դրա համար, որովհետեւ այն մեծ ճակատագիրը, որը բաժին է ընկել, ունի շատ մեծ կարեւոր խնդիր. մեր ժողովրդի արժանապատվության ու նրա ֆիզիկական գոյության պահպանությունը»: Գեներալը նաեւ ասաց, որ ոչ մի նյութական, ֆինանսական ռազմական հզորություն այնքան կարեւոր չէ, որքան ազգային գաղափարախոսությունը: Անդրանիկ Մակարյանը նաեւ ասաց, որ մենք խնդիր ունենք Արեւմտյան Հայաստանը, Գարդման աշխարհը, 4-ր կորպուսի դեմ դիմաց գտնվող Նախիջեւանը վերադարձնելու: «Միայն 2005 թվականին Նախիջեւանի տարածքում 218 եկեղեցի, մատուռ եւ վանք, 4500 խաչքար, 23 հազար տապանաքար, 41 ամրոց, 86 քաղաքատեղի եւ գյուղաղատեղի են եղել, բոլորն այսօր չկան, ոչնչացվել են մեզ բաժին վայրի ցեղերի, հարեւանների ձեռքով: Մեզ ի՞նչ է մնում անելու, մեր խնդիրը հետ վերադարձնենք մեր հայրենիքը ու կատարենք մեր պապերի երբեմնի երազանքը»: Հանդիպման ավարտին զինծառայողներին և նրանց ծնողներին ելույթներով ողջունեցին Գյումրու ժող գործիքների համույթի մենակատարները: Մեր Հայոց բանակի նկատմամբ հավատն ավելի բարձրացնելու համար և բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այս գեղեցիկ ավանդույթը շարունակական կլինի: