Նորություններ
Հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին
16.11.2015
Նոյեմբերի 16-ին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի հետ մոմավառության արարողություն էին կազմակերպել Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ի հիշատակ օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ դարձած 153 անմեղ քաղաքացիների: Մոմավառության մասնակիցները, ինստիտուտի մոտից քայլեցին մինչև Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ միջոցառման մասնակիցներին միացան մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ի դեմս Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, մարզպետի տեղակալների և աշխատակազմի վարչությունների և բաժինների պետերի, ինչպես նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի տեղակալների և քաղաքապետարանի բաժինների պետերի մասնակցությամբ:
«Առաջադեմ մարդկությունն ամեն կերպ պետք է աշխատի լինել միասնական, որպեսզի կանխվի այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում: Այսօր մենք սգում ենք ֆրանսիացի ժողովրդի հետ, ցանկանում` համբերություն», - իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: «Սա ողբերգություն է, որը ցնցեց ամբողջ աշխարհը: Պետք է աշխարհը համախմբվի, որպեսզի կարողանանք նման աղետների դիմակայել: Գրեթե ամեն օր մի ողբերգություն է կատարվում, այսպես չի կարող շարունակվել: Մենք ֆրանսիայի ժողովրդին շատ հարազատ ենք ընդունում, երկրաշարժի ծանր տարիներին նրանք մեզ սատար են կանգնել, հսկայածավալ նյութական ու բարոյական օգնություն ցուցաբերել», - իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Իսկ միջոցառման կազմակերպիչ, ԳՊՄԻ ռեկտոր Վարդևան Գրիգորյանն իր խոսքում նշեց, -«Յուրաքանչյուր քաղաքացի, ով նախընտրում է խաղաղությունը, համամարդկային արժեքները, անմասն չէր կարող մնալ և չարձագանքել այս միջոցառմանը, այս հարգանքի տուրքին, որը կազմակերպել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ուսանողադասախոսական անձնակազմը: Մենք էլ բոլորի հետ միասին աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության համար և խաղաղություն աղերսում»: