Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու հատուկ դպրոցի բարերարը երբեք Հայաստանում չի եղել

20.11.2015

 Նոյեմբերի 20-ին Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցի բակում բացվեց խաղահրապարակ, իսկ հիմնովին վերանորոգված դպրոցում բացվեց համակարգչային դասարան: Գյումրու թիվ 3 դպրոցը խիստ մասնագիտացված է և նախատեսված առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, ուր հաճախում է 58 աշակերտ, որոնցից 30-ը գիշերում են դպրոցում և միայն կիրակի օրերին են տուն գնում: ,,Դպրոցը, գործելով հավաքովի տնակային պայմաններում , չունի մարզադահլիճ, իսկ այս նորակառույց խաղահրապարակը խիստ անհրաժեշտ էր, որպեսզի երեխաները կարողանան իրենց հանգստի ժամին լիարժեք օգտվել այս ամենից որպես մարզագույքի,,  իր խոսքում նշեց թիվ 3 հատուկ դպրոցի տնօրեն Տիգրան Գուլյանը: Խաղահրապարակն ու դասասենյակը ստեղծվել են մի բարերարի կողմից, որն ընդհանրապես Հայաստանում չի եղել, անցած տարի Անի անունով մի 16 ամյա աղջիկ էր եկել: Եկավ, տեսավ պայմանները, շատ տխրեց, բայց գնաց` խոստանալով օգնել: Այն, ինչ հիմա տեսնում եք, արվել է նրա պատմածի արդյունքում, 28 ամյա Մանուկ անունով այդ երիտասարդը գումարներն ուղարկել է սարկավագ Սուրեն Գևորգյանին, ով էլ կազմակերպել է ողջ գործընթացը: Մենք էլ նրա պատվին այգին անվանակոչեցինք ,,Մանուկի այգի,,: Համակարգիչները տրամադրվել են ՀՀ ԱԱԾ աշխատակազմի կողմից, ինչի համար նաև իրենց ենք հայտնում մեր շնորհակալությունը, ասաց տնօրենը: Հիմնանորոգվել է նաև դպրոցը, որը տնօրենը խիստ անհրաժեշտություն է համարում. «Հատակը լինոլեում էր, պատառոտված, կարկատված, խիստ հակահիգիենիկ փոշին շատ: Այժմ սալիկապատվել են բոլոր միջանցքները, փոխվել են դասասենյակների հատակները, վերանորոգվել են սանհանգույցները, կոսմետիկ նորոգվել են պատերը»: Դպրոցում արդեն 3 տարի է` ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհների ծրագրի շնորհիվ գործում է նաև արևային էներգիայի համակարգ: «Մինչ համակարգը տեղադրելը դպրոցն ամսական մոտ 230-240 հազար դրամ վճարում էր կատարում ջեռուցման համար, իսկ հիմա ձմռան ամիսներին ջերմությունն ապահովվում է 100 հազար դրամի սահմաններում: Տնտեսված գումարներով տարբեր հարցեր ենք լուծում, վերանորոգեցինք կտուրների մի մասը, երեխաների համար խաղալիքներ ու գույք ձեռք բերեցինք: Օգուտը շատ մեծ է», - անթաքույց ուրախությամբ ասում է դպրոցի տնօրեն Տիգրան Գուլյանը: Խաղահրապարակի բացման արարողությունից հետո, Հայ Առաքելական եկեղեցու տերհոր աղոթքով, օծելով դպրոցի շեմերը, սաները մուտք գործեցին դպրոց շարունակելու իրենց առօրյան: Խաղահրապարակի բացման և դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ով նախ Շիրակի մարզպետի անունից շնորհավորեց նոր խաղահրապարակի և նորոգված դպրոցի համար, ապա շնորհակալություն հայտնեց կատարված բարեգործության համար, որն իր բնույթով խիստ տարբերվում է կատարվող շատ ու շատ բարեգործություններից, քանզի այս դպրոց հաճախող երեխաններն ունեն առանձնակի մոտեցման կարիք:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58