Նոյեմբերի 25-ին Գյումրիում տեղի ունեցավ Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1գիշերօթիկ հաստատության վերանորոգված հատվածի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ արտակագ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզ Կրտսերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ պատգամավոր Մարուն Գրիգորյանը, այլ հյուրեր: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից, որի արժեքը կազմում է մոտ 360.000 ԱՄՆ դոլար: Այն կյանքի կոչվեց այն բանից հետո, երբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկություն ներկայացրեց տվյալ հաստատության շենքի վերանորոգումը դիտել որպես առաջնայնություն ունեցող նախագիծ: Երեխաների խմանքի և պաշտպանության թիվ 1 հաստատությունը մեր մարզում միակն է, որը զբաղվում է անապահով ընտանիքների երեխաների կրթությամբ: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն իր խոսքում նշեց, որ իր աշխատանքի ամենահաճելի կողմերից մեկը նման միջոցառումներին մասնակցելն է և հպարտ է այն ամուր համագործակցության համար, որ հաստատվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի և ՀՀ Կառավարության միջև: ,,Մենք իսկապես գնահատում ենք Հայաստանի հետ մեր գործընկերությունը և պատրաստ ենք, որպես գործընկերներ ցուցաբերել ցանկացած աջակցություն և օգնություն` հայ ժողովրդի կյանքը բարելավելու գործում: Աշխատելով միասին ինչպես իսկական գործընկերներ` մենք կարող ենք ապահովել արժանի, անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապագա հայ ժողովրդի համար:,,- իր խոսքում նշեց դեսպան Միլզը:Կապալառուի հետ պայմանագրի կնքման և կատարման որակի վերահսկման պարտականություններն կատարել է ԱՄՆ Ցամաքային ուժերի ինժեներների կորպուսի Կովկասյան տարածաշրջանային գրասենյակը: Բուն շինարարական աշխատանքներն իրականացվել են Երևանյան CESCO Construction ընկերության կողմից: Պաշտպանության դեպարտամենտի օգտագործված գույքի բաշխման ծրագրի շրջանակներում` գիշերօթիկը ստացել է 80.000 ԱՄՆ դոլար արժողության կենցաղային տեխնիկա և գույք: Ընդհանուր առմամբ նվիրաբերվել է 9 կոնտեյներ դպրոցական գույք, կենցաղային տեխնիկա և ավտոմեքենա` երեխաներին տեղափոխելու համար: Այս հաստատությունը ծառայում է որպես նոր տարածաշրջանային ընտանեկան ուսումնական կենտրոն , որի նպատակն է վերադարձնել երեխաներին ընտանիք:Հավելենք նաև, որ ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակը շարունակում է աշխատանքներ տանել Հայաստանի ամբողջ տարածքում առողջապահական ծառայությունները և կրթությունն ավելի մատչելի դարձնելու համար: