Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու Դրամատիկական թատրոնը տոնեց իր 150-ամյա պանծալի հոբելյանը

29.11.2015

Նոյեմբերի 29-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը տոնեց իր 150-րդ հոբելյանը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, թատերասերներ և արվեստագետներ: Պատվավոր հյուրերի շարքում էր նաև Վարդան Աճեմյանի թոռը:
Գյումրու դրամատիկական թատրոնը ստեղծագործական յուրօրինակ ձեռագրով ու նվաճումներով լրացնում է հայ թատրոնի տարեգրության ամենալուսավոր էջերը: Այն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է դեռևս 1865 թվականին: Իր գոյության մեկուկեսդարյա ընթացքում ձևավորել է թատերական հարուստ ավանդույթներ, և հայ բեմարվեստին տվել մնայուն ու երևելի անուններ:
Թատրոնի պատմության ակնթարթներն ու մեծերը ներկայացումներն ու լավագույն ներկայացումների մանրակերտերը ներկայացված էին թատրոնի ճեմասրահում ,,Թատրոնը ժամանակի ափի մեջ ,, լուսանկարների ու ներկայացումների մանրակերտերի ցուցահանդեսում:
Հոբելյանական երեկոն մեկնարկեց Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ և համընդհանուր Տերունական աղոթքից հետո միայն:
Օրը տոնական էր, հնչեցին բազում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Իր ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Շիրակի մարզպետը, նա նշեց, որ Շիրակցին այսօր առանձնակի հպարտությամբ է խոսում 150-ամյա մեր թատրոնի մասին, որը երկար տարիներ հանրապետության թատերական կյանքի առաջամարտիկն է եղել, յուրատեսակ փորձարան բոլոր նրանց համար, ովքեր այստեղ են եկել շփվելու արվեստին:,,Սիրելի Աճեմյանցիներ, դուք էլ բազում դժվարություններ ունեցաք, սակայն վառ պահեցիք ձեր հոգու կրակը, երբեք չփակվեց թատրոնի վարագույրը, միշտ հավատացիք ու ապացուցեցիք, որ մեր ժողովուրդը կարող է առանց տուն ապրել, բայց առանց թատրոն` երբեք: Համոզված եմ, որ Աճեմյանցիները կընթանան առաջ, իրենց հետ տանելով մեր մեծ վարպետների հիշատակն ու ավանդը, ովքեր ստեղծագործել են այստեղ` փառք բերել թատրոնին,,:
Պետական պարգևներ Աճեմյանցիներին հանձնեց ՀՀ վարչապետը. դերասան Խաչիկ Բադալյանին ու դերասանուհի Անահիտ Քոչարյանին շնորվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, դերասաններ Ռաֆիկ Խառատյանին ու Տիգրան Գաբոյանին` ՀՀ վաստակավոր արտիստ կոչում, ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեց թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանն ու ու դերասան Սամվել Առաքելյանը: Շնորհվեցին նաև հուշամեդալներ ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից: Երեկոյի ընթացքւմ բեմում հանդես եկան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Գյումրու ժողովրդական նվագարանների համույթը, ,,Բամբիռ,, ֆոլք-ռոք խումբը, Վանաձորի ,,Հորովել,, երգի-պարի համույթը: Իսկ Աճեմյանցիները ներկայացրեցին ,,Դատավարություն,, որտեղ թատրոնի նվիրյալները խոսում էին իրենց ձեռքբերումների, անցյալի ու ներկայի մասին: Ուրախալին այն է, որ Գյումրու դրամատիկականի ներկայիս սերունդը, վերաիմաստավորելով անցած ճանապարհը, նորովի է արժևորում ու զարգացնում ավանդույթները` շարունակելով իր ստեղծագործական ընթացքը ժամանակն ի վեր:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58