Նորություններ
Արթիկի քաղաքապետարանում կազմակերպվեց հանրային քննարկում
11.12.2015
Հասարակայնության համար Արթիկի քաղաքապետի և քաղաքապետարանի գործունեությունը հրապարակային դարձնելու, բյուջեի կազմման և վերահսկման գործընթացներում բնակչության մասնակցության մեխանիզմներ ապահովելու ուղղությամբ, դեկտեմբերի 11-ին Արթիկի քաղաքապետարանում կազմակերպվեց հանրային քննարկում: Քաղաքապետ Արսեն Աբրահամյանը որդեգրել է նոր աշխատաոճ տարբեր միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ՝ համայնքում ծրագրեր իրականացնելու համար:
Հենց նոր աշխատաոճի առաջին արդյունքը եղավ բաց, թափանցիկ քննարկում բոլորի մասնակցությամբ, ուր պարոն Աբրահամյանը քնարկման մասնակիցներին ծանոթացրեց բյուջեի ձևավորման աղբյուրներին, բյուջեի միջոցների օգտագործման ուղղություններին և ծավալներին՝ առաջարկելով իրենց նկատառումները ներկայացնել բյուջետային միջոցների հավաքագրման և ծախսման վերաբերյալ: Արթիկի քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Ա.Վարդանյանը ներկայացրեց բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների վերջին 3 տարվա համեմատականները:Թիվ 2 նախակրթարանի մանկավարժ Ն.Քամալյանը խնդրեց հնարավորության դեպքում լրացուցիչ 1 ննջասենյակ ևս ապահովել ջեռուցմամբ: Քաղաքապետին կից խորհրդակցական մարմնի անդամ Ն.Երանոսյանն առաջարկեց բազմաբնակարան շենքերի բակերում կառուցել խաղահրապարակներ: «Տուֆաշխարհի առօրյա» շաբաթաթերթի խմբագիր Ա.Նահապետյանը դիմեց Տ.Մանսուրյանի անվան մշակույթի տան դահլիճի ջեռուցման խնդրանքով:Խոստանալով ուսումնասիրել և ընթացք տալ ներկայացված առաջարկություններին, քաղաքապետը հորդորեց քննարկել համայնքի բյուջեն գործընկերների, հարևանների, ընտանիքների անդամների հետ, ներկայացնել առաջարկություններ, մասնակցել քաղաքի բյուջեի կատարման և վերահսկման գործընթացին: