Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոգևոր երգերի մարզային 2-րդ փառատոն` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին

18.12.2015

 Դեկտեմբերի 18-ին, Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում անցկացված Հայաստանի Հանրապետությունում իր բնույթով եզակի, ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպած Հոգևոր երգերի մարզային 2-րդ փառատոնը, եզրափակեց մարզում Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության և բաժնի պետեր Սահակ Մինասյանը և Վաչիկ Վարդանյանը:

Հայ հոգևոր երաժշտությունը մի յուրահատուկ համակարգ է, որի առանձնահատկություններն ու նրբությունը չկա երաժշտության որևէ այլ տեսակի մեջ: Ներկա սերնդի պարտքն է այս դարավոր երաժշտությունը պահպանել սուրբ մասունքի պես: Հայի մշակութային ինքնության պահպանման գործում անչափ կարևոր է Հոգևոր երաժշտության պահպանումն ու տարածումը: Պետականության բացակայության ժամանակահատվածում հայապահպանության գործում մեծ դեր է ունեցել հայ եկեղեցին:

Հոգևոր երգի փառատոնը նպատակ ունի տարածել ու զարգացնել հոգևոր երաժշտությունը հանրապետության տարածքում և տարեցտարի ընդլայնել մասնակիցների թիվը, հանրությանը ներկայացնել այնպիսի հոգևոր երգեր, որոնք մինչ այժմ քիչ են հնչել:

Փառատոնը խնդիր ունի նաև կոչ անելու հայ պատանուն և երիտասարդին` ծանոթացնելու իր բազմադարյա հոգևոր երաժշտությանը, բարձրացնելու ազգային արժեհամակարգը ազգային արժեքների գիտակցման և հոգևոր երգի միջոցով պահանջատեր լինելու հայկական հարցի լուծմանը: Նախագծի շրջանակներում հնչեցին շարականներ, տաղեր, նաև՝ հատվածներ Մ.Եկմալյանի և Կոմիտասի պատարագներից, որն ինքնաբուխ դարձավ եղեռնի զոհերի ոգեկոչման յուրօրինակ արարողություն:

Հոգևոր երգերի փառատոնին ելույթ ունեցան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Ամասիա համայնքների երաժշտական և արվեստի դպրոցների մանկական երգչախմբերը, անհատ կատարողներ, հայ առաքելական եկեղեցու սարկավագներ: Հնչեցին նաև հոգևոր երաժշտության գործիքային կատարումներ Գյումրու ժող. գործիքների պետական նվագախմբի մենակատարների կողմից:

Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվեցին ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգրերով և հուշանվերներով:

Ի դեպ. 2014 թվականին «Արվեստը հանուն խաղաղության» ՀԿ-ի միջնորդությամբ, «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» ՀԿ-ի կողմից, 2014 թվականի մայիս ամսից Կոմիտասի կողմից գրված ստեղծագործությունները, որպես պարտադիր կատարման ենթակա նյութեր, բաժանվել են մարզի բոլոր մանկական երգչախմբերին: Սեպտեմբեր ամսից սկսած «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության երգչախմբային արվեստի լավագույն խմբավարները այցելել են ՀՀ Շիրակի մարզ և անցկացրել վարպետության դասեր` տեղի երգչախմբերի և խմբավարների համար:

Միջոցառման անցկացմանն իր օրհնությունն է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես նաև համագործակցելու պատրաստակամություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմը:

ՀՀ Շիրակի մարզպետարանը ողջունել է Հոգևոր երգերի մարզային փառատոնն անցկացնելու մտահղացումը և համաձայնել աջակցելու ծրագրի իրականացմանը:
Փառատոնի կազմակերպիչներն էին ՀՀ Շիրակի մարզպետարանը, «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը և «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15