Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի լավագույն մարզիկներին և մարզիչներին պարգևատրեց Շիրակի մարզպետը

29.12.2015

«Մրցաշրջան 2015»­ ն ամփոփելու, տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկ­ մարզուհիներին և նրանց մարզիչներին շնորհավորելու նպատակով դեկտեմբերի 29­ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մարզական ոլորտի ներկայացուցիչներին, Շիրակի մարզի 10 լավագույն մարզիկներին: Շնորհակալություն հայտնելով մարզիկներին գրանցած աննախադեպ հաջողությունների համար՝ մարզպետը նշեց, որ սպասելիքներն ավելի մեծ են 2016 թվականին, իսկ ամենամեծ սպասելիքը օլիմպիական մեդալի տեսքով է: Տարվա ընթացքում հանրապետությունում մարզական ոլորտի ամենամեծ հաջողությունները Շիրակինն էին՝ Աշխարհի և եվրոպայի առաջնությունների, միջազգային «Ա» կարգի մրցաշարերի 55 մեդալ, այդ թվում 19 ոսկի, 14 արծաթ և 22 բրոնզ: Այս տարին նաև աննախադեպ էր Համահայկական ամառային 6­րդ խաղերի ժամանակ արձանագրված հաջողություններով՝ 44 մեդալ,որից 14­ը ոսկի: Մարզի մարզիկներն ու թիմերը մասնակցել են նաև հանրապետությունում անցկացվող տարբեր մրցույթներին ու մրցաշարերին՝ կրկին լավագույն արդյունքներ գրանցելով, բայց ինչպես հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետը, եթե անհատական մրցումներում ամենալավ արդյունքներն ենք գրանցում, ապա թիմային պայքարում դեռ կաղում ենք ու աշխատելու տեղ կա: Մարզում ավելի շատ զարգացած են անհատական մարզաձևերը, հատկապես ուժային: «Մեզ միշտ հարցնում են՝ ինչից է, որ շիրակցին այդքան հաջողություններ է գրանցում, միշտ կատակում ենք ՝ հողից ու ջրից է, բայց դա ավելի շատ աշխատասիրությունն է»,­նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ հորդորելով մարզիկներին չսահմանափակվել արդեն գրանցած հաղթանակներով, միշտ առաջ գնալ ու չտառապել «աստղային» հիվանդությամբ: Այն, որ հաղթանակի համար պետք է չափից դուրս քրտնաջան աշխատել, ուժ, եռանդ ու ջանք չխնայել, նշեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն 15 ամյա Աիդա Մանուկյանը, ում հետ մեծ ակնկալիքներ են կապում մարզիչները՝ վստահեցնելով, որ Աիդան կանանց ծանրամարտի ապագա աստղն է: «Մարզաձևը գրավեց, փորձեցի ու ստացվեց: 2015 թվականն ինձ համար հաջող տարի էր, բայց հաջորդ տարի ևս կանեմ ամեն ինչ, որ մասնակցեմ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին և լավ արդյունքներ արձանագրեմ»,­նշեց Աիդան՝ անկեղծանալով, որ ծանրամարտից բացի շատ է սիրում նաև ֆուտբոլ: Հանդիպման ընթացքում Շիրակի մարզի 10 լավագույն մարզիկներն արժանացան մարզպետի կողմից դրական պարգևների ու հուշանվերների: Սպորտի ոլորտի ներկայացուցիչներն էլ ևս մեկ անգամ վստահեցրին՝ ջանք ու եռանդ չեն խնայի նոր հաջողությունների ու նոր հաղթանակների համար: Արմենուհի Մխոյան 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15