Նորություններ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
31.12.2015
Հարգելի շիրակցիներ.
Մենք հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Տարի, որը բազմաթիվ դժվարություններով հանդերձ մեր մարզի համար նշանավորվեց տարբեր ոլորտներում արձանագրված հաջողություններով ու ձեռքբերումներով:
Մարզի համայնքներում, ինչպես նախորդ տարիներին, անցնող տարում ևս շարունակվեցին կյանքի կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք նոր թափ կստանան 2016 թվականին: Լիահույս եմ, որ եկող տարին լինելու է նոր սպասումների, հույսի, կառուցման ու շենացման տարի, և որ այն մեր մարզի տնտեսության ու ժողովրդի համար լինելու է նորանոր նվաճումների և հաջողությունների տարի:
Մեր ժողովուրդը ստեղծագործ է, արարող, անկոտրում է իր ցանկությունների և իղձերի իրականացման ճանապարհին: Նա երբեք չի կորցրել հավատը և կարողանում է մշտապես վառ պահել վաղվա օրվա հույսը` փոխանցելով այն եկող սերունդներին:
Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բոլորիս ի սրտե մաղթում եմ հենց այդ հույսերի և սպասումների իրականացում, խաղաղություն, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, և թող բոլոր օջախներում թևածի տոնական բարձր տրամադրությունը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ