Նորություններ
Շիրակի մարզպետարանի հաշվետվությունը Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի վերաբերյալ
15.03.2016
2016 թվականի մարտի 15-ին Երևանում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը և աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Աննա Գյունաշյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այնուհետև հաշմանդամություն ունեցող անձանց Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները: ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հ. Արշակյանը արժևորելով նախարարություն-մարզպետարան-հասարակական կազմակերպություններ սերտ կապը, ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում կատարված աշխատանքների արդյունքները: Հնչեցվեցին բազմաթիվ հարցեր և տեղի ունեցավ բուռն քննարկում: Ստորև ներկայացնում ենք հաշվետվությունն ամբողջությամբ.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
2015 թվականի ընթացքում մարզում հաշվառվել են թվով 18996 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում 779-ը առաջին խմբի հաշմանդամներ, 7656-ը երկրորդ խմբի հաշմանդամներ, 9839-ը երրորդ խմբի հաշմանդամներ, 722-ը հաշմանդամ երեխաներ: 2015 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը հրավիրել է 4 նիստ: Ընդունված որոշումների արդյունքում հանձնաժողովը համագործակցել է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հետ, օժանդակել է հաշմանդամություն ունեցող անձանց կրթական և մասնագիտական ուսուցման ծրագրերում, աջակցել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության ծրագրերի իրականացման, ինչպես նաև վերականգնողական, տեխնիկական և օժանդակ այլ պարագաներով ապահովման աշխատանքներում:
Մարզի համայնքերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց մարզպետարանի աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ Գյումրու <<Հաշմանդամների ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունը տրամադրել է 3 սայլակ, 21 լսողական սարք, 7 ձեռնափայտ, 10 քայլակ, 16 զույգ հենակներ, 28 զույգ պրոթեզավորման կոշիկներ, 17 զույգ օրթոպետիկ կոշիկներ: Գյումրու ինտերօրթոպրոտեզավորման կենտրոնից թվով 75 հաշմանդամներ ստացել են պրոթեզներ, որից 8-ը ուսումնական են:
Ակտիվ համագործակցություն կա մարզում գործող բարեգործակաան հասարակական կազմակերպությունների հետ:
- Թվով 50 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ ընդգրկվել է <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական կազմակերպության ցերեկային խնամքի կենտրոնում, իսկ 221-ը խնամք են ստանում տնային պայմաններում <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական և <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպությունների կողմից: Թվով 50 բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ ընդգրկված են <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական հասարակական կազմակերպության <<Էմիլի փոքրիկ արեգակ>> ցերեկային խնամքի կենտրոնում:
- <<Ագաթ>> հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը իրականացրել է առողջապահական, ուսուցողական, մասնագիտական կողմնորոշման, հետազոտական և այլ շարունակական ծրագրեր: Ծրագրերի իրականացմանը զուգընթաց կենտրոնում անցկացվել են համակարգչային, անգլերենի լեզվի, խոհարարության, խմորեղենների պատրաստման, էթիկայի և այլ դասընթացներ: Ծրագրերին մասնակցել են ավելի քան 200 շահառուներ: Հուլիս ամսին կենտրոնը Գյումրի քաղաքում կառուցել է մարզում առաջին ներառական խաղահրապարակը, որը տարբեր հարմարեցված խաղերի համալիր է և նախատեսված է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: Ծրագիրը նպատակ ունի ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն իրենց տարեկիցների հետ:
- <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ քաղաքներում 132 հաշմանդամություն ունեցող և կարիքավոր անձանց համար կազմակերպության ռեսուրս կենտրոններում` <<Ֆեյս Հաուս>> ուսումնական կենտրոնում և տարբեր գործատուների մոտ իրականացրել է շյուղագործություն, վարսահարդարման, դիմահարդարման, սեղանի հարդարման, համակարգչային օպերատրության, կոշկակարության, խոհարարության, կահույքագործության մասնագիտական ուսուցումներ: Մասնագիտական ուսուցումներ ստացած 28 հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվել է բիզնեսի պլանավորման և կառավարման հմտությունների ուսուցում:
- Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված <<Արմինե>> և <<Փյունիկ>> կրթամշակութային հասարակական կազմակերպություններում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Դեկտեմբերի 4-ին հաշմանդամություն ունեցող 12 երիտասարդներ մասնակցել են <<Հավասար հնարավորություններ>> ինտելեկտուալ փառատոնին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգման կենտրոն>> ՊՈԱԿ-ում ինքնաներկայացման հմտությունների զարգացման տարբեր խմբերում ընդգրկվել են մոտ 200 հաշմանդամություն ունեցող անձ, որից հետո ուղղորդվել են զբաղվածության տարածքային կենտրոններ` աշխատանքի տեղավորման համար:
Շուրջ 469 սոցիալապես անապահով քաղաքացիներ և հաշմանդամներ ընդգրկված են Գյումրի և Արթիկ քաղաքներում <<Առաքելություն Հայաստան>> կազմակերպության, նաև <<ՍՊՖԱ>>, <<Հայ Ավետարանական Մկրտական Եկեղեցի>> կազմակերպությունների միջոցով գործող անվճար ճաշարաններում:
Մարզպետարանի աջակցությամբ 154 հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է առողջարանի ուղեգրեր: Հաշմանդամություն ունեցող 10 երեխայի դրամադրվել է <<Արարատ>> առողջարանի ուղեգիր:
Աշխատանքներ են իրականացվել մարզի տարածքում սոցիալական ենթակառուցվածքի շենքերի ու շինությունների բնակչության սակավաշարժուն խմբերի համար մատչելիություն ապահովելու ուղղությամբ: 2015 թվականին սկսվել և ընթացքի մեջ են է Գյումրու Օյունջյան արհեստների կենտրոնի /Օյունջյան հիմնադրամ/ և Վարդաքար գյուղի նոր դպրոցի /տարածքային զարգացման հիմնադրամ/ կառուցման աշխատանքները, կառուցվել է Գյումրու Գիտահետազոտական կենտրոնը /<<Դ Լինկ Ինտերնեյշնլ>> ՊՏԵ ԼՏԴ/, <<Էմիլի փոքրիկ արեգակ>> բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնը /Ավստրիա Կարիտաս/, վերանորոգվել է Գյումրու <<Էլիթիյա>> մանկապարտեզի շենքը /Հայ-Ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների սուրբ ծնունդ բարեգործական հիմնադրամ/:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության և մասնակցային ուսուցման մատչելիության ապահովման նպատակով 2015-2016թթ. ուսումնական տարում մարզում 19 հանրակրթական և 2 հատուկ դպրոցներում կազմակերպվել է ներառական կրթություն: 2015 թվականին վկայագիր է տրվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 612 երեխայի:
ՀՀ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ և անհատ բարերաների ֆինանսավորմամբ Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ /օժանդակ/ դպրոցը ամբողջությամբ վերանորոգվել է և կառուցվել է նոր խաղահրապարակ: <<Ամքոր>> հասարակական կազմակերպության կողմից դպրոցին նվիրաբերվել է փայտամշակման արհեստանոցի հաստոցներ, իսկ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից դպրոցին նվիրաբերվել է համակարգիչներ և ստեղծվել է համակարգչային դասարան:
Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված 668 հաշմանդամներից զբաղվածության ծրագրերի իրականացման ընթացքում 131-ը ընդգրվել են տարբեր ծրագրերում, որից 105-ը ընդգրկված են եղել սեզոնային զբաղվածության ծրագրերում:
2015 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 2016 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ՀՀ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում աշխատանքի կտեղավորվեն հաշմանդամություն ունեցող անձինք:
Այցելություններ է կատարվել Գյումրու տուն-ինտերնատ և խնամքի այլ հաստատություններ հաշմանդամների միջազգային /03.12.2015թ./ օրվա կապակցությամբ:
Մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար հիմնախնդիր է մնում.
1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովումը:
2. Սակավ շարժունակ անձանց համար մատչելի միջավայրի /թեքահարթակների/ ապահովումը: