Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտագնա խորհրդակցություն Անիի տարածաշրջանում

23.03.2016

 
Մարտի 23-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային առաջին արտագնա նիստն անկացրեց մարզի Անիի տարածաշրջանի 17 համայնքների ղեկավարների հետ: Մինչև համայնքապետերի հետ հանդիպումը պարոն Սիմոնյանն ընդունեց քաղաքացիների, ովքեր հիմնականում բնակարանային խնդիր ներկայացրին, հանձնարարվեց ուսումնասիրել և համապատասխան ընթացք տալ քաղաքացիների բարձրացրած հարցերին, չնայած որ նրանցից երկուսին պարոն մարզպետը տեղյակ էր: Համայնքապետերի հետ հանդիպման նպատակն էր, լսել վերջիններիս համայնքում առաջնահերթություն պահանջող այն խնդիրների վերաբերյալ, որոնք հենց իրենք կհամարեն առաջնային: Մի շարք համայնքներում պարզապես լուրջ խնդիր է ջրամատակարարման ծրագրից դուրս մնալու հարցը` համայնքի կողմից համապատասխան ֆինանսավորում չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու պատճառով: Փորձեցին մի քանի համայնքների ղեկավարներ արդարանալ, որ պահանջվող համաֆինանսավորման գումարը փոքր- ինչ շատ է, և իրենց համայնքի բյուջեն չի կարող նման փոխհատուցում իրականացնել: ,,Այդ դեպքում ինչն էր պատճառը, չունենալով համապատասխան բյուջե, ներգրավում էիք մի ծրագիր, որը չնայած անհրաժեշտություն է յուրաքանչյուր համայնքի համար, բայց ոչ պարտադիր, այն էլ գումար չունենալու դեպքում, երբ այդ ծրագրից դուրս են մնացել համայնքներ, որոնք կարող էին ապահովել համաֆինանսավորման իրենց տոկոսաբաժինը, - հարցրեց Շիրակի մարզպետը: - Ժամանակին և ոչ բարեխիղճ կերպով հարկերի հավաքագրման հետևանք է ծրագրից դուրս մնալու փաստի առջև կանգնելը, չեք կարողացել բնակիչներին ժամանակին բացատրել և համոզել այդ ծրագրի կարևորությունն ու իրենց մասնակցությունը, ինչքան կարող են այդ մարդիկ ջուր կրել,,: Եղան զիջումներ պարոն մարզպետի կողմից, տրվեցին վերջնաժամկետներ` վճարումներ կատարելու համար, ինչն էլ թույլ կտա ավարտին հասցնելու կենսական նշանակության այդ ծրագիրը: Տարբեր համայնքապետեր տարբեր խնդիրներ ներկայացրին, մեկը` մշակույթի տան բացակայության, մյուսը` դպրոցի մարզադահլիճի, երրորդը` դպրոցի վերանորոգման կամ պատուհանների նորացման, յուրաքանյուրը յուրովի ներկայացրեց խնդիրը, որը պարզ էր և նորություն չէր, անհասկանալի էր միայն սեփական եկամուտների հավաքագրման մասով որոշ համայնքների ղեկավարների թերացումը. հավաքել են 6 տոկոս, պահանջում են հարցերի 60 տոկոսի լուծում` հույսերը դնելով դոտացիայի վրա: Մի համայնք երկու ծրագիր է իրականացնում իր համայնքում շուրջ 780 մլն. դրամի, մյուսը հողի հարկը հավաքագրել է 0.6 տոկոս` Անի ավան, Անի Պեմզա` 0.0 տոկոս, Սարակապ` 0.0 տոկոս, Աղին` 2.8 տոկոս, Լուսաղբյուր` 2.6 տոկոս: Սեփական եկամուտներ` Սարակապ 2.7, Աղին` 7.2, Լուսաղբյուր` 11.3 տոկոս, պարզ է, որ նման համայնքն այլևս ի վիճակի չի լինի` որևէ մեկ այլ ներդրումային ծրագիր իրականացնի համայնքում: Մարզպետը ժամկետ տվեց, հորդորեց և պահանջեց լուրջ վերաբերվել իրենց աշխատանքին, ընտրվել են իրենց համագյուղացիների հոգսերը մի փոքր թեթևացնելու, մարդկանց վիճակը փոքր ինչ բարելավելու, թե ավելի վատացնելու, ճգնաժամն ավելի խորացնելու համար: Մարալիկի քաղաքապետը հակիրճ ներկայացրեց համայնքում առկա և առաջնահերթ կարևորություն ունեցող մի քանի խնդիրներ, որոնցից հիմնականը ճանապարհների նորոգման խնդիրն էր, կոյուղահամակարգի անցկացման հարցը, մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը, 10 բազմաբնակարան շենքերի տանիքների կտուրների հիմնանորոգումը և էլի հարցեր, որոնք չնայած լուծում պահանջում են, բայց ոչ այդչափ հրատապ, ինչպիսին թվարկվածները: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը ներկայացրեց Անիի տարածաշրջանում 2015 թվականին իրականացված մի շարք ծրագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 168.7 մլն. դրամ, 2016-ին նախատեսվում է ավելի շատ` 251.6 մլն. դրամի աշխատանքներ իրականացնել: Համաձայն պարոն Մարգարյանի ներկայացրած տեղեկանքի` բոլոր համայնքներում բացակայում են գլխավոր հատակագծերը և գոտևորման նախագծերը, բոլոր համայնքներում թերի են կազմակերպվում գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքները:
Համայնքների ղեկավարների հետ հանդիպումից անմիջապես հետո Շիրակի մարզպետը հանդիպեց տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ: Համայնքների ղեկավարներն արդեն ներկայացրել էին նաև իրենց համայնքներում առկա դպրոցների խնդիրները, հետևաբար պարոն մարզպետն անդրադարձավ հիմնականում դպրոցներում տիրող վիճակին, կարգապահությանը, աշխատակիցների կամ աշակերտների բացակայության խնդրին, բոլորին հուզող վերջին զանգի հետ կապված դրամահավաքին, որը չնայած մեծ մասամբ դպորցից դուրս գործընթաց է, այսինքն` ինչ- որ տեղ ծնողներն էլ են հակված մեծ շուքով նշելու իրենց երեխաների վերջին զանգը, բայց այն կարծես պարտադիր է դառնում այդ դեպքում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, ովքեր ստիպված, անմասն չմնալու պատճառով պարտադրում են ծնողներին գնալու հարկադրված քայլերի, պարտքեր անել, բանկերից վարկ վերցնել: Մարզպետն առաջարկեց տնօրեններին մտածել և առաջարկել բոլորի համար բարենպաստ տարբերակ, որից չի տուժի ո'չ անապահով ընտանիքի երեխան, ո'չ էլ շքեղության մոլուցքով տառապողը: Խորհրդակցությանը մասնակից մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը պարոն Սիմոնյանին ներկայացրեց, որ Անիի տարածաշրջանի դպրոցները մշտապես համեստ վերջին զանգեր են կազմակերպել, երբեք ոչ մեկին բարոյական և ֆինանսական վնաս չպատճառելով: Շիրակի մարզպտը հույս հայտնեց, որ մինչև վերջին զանգի օրը կլինեն ավելի կառուցողական և խելամիտ առաջարկներ միջոցառումների անցկաման վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58