Նորություններ
Մեկնարկեց համաքաղաքային ծառատունկը
23.04.2016
Ապրիլի 23-ին հայտարարվեց համաքաղաքային շաբաթօրյակի սկիզբը: Շաբաթօրյակին մասնակցում էին մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակազմերը, մարզպետարանի և քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները: Քաղաքում ամենուրեք նկատելի էր հաճելի մի իրարանցում․ արդյունքում՝ բահերով և տնկիներով մարդիկ շտապում էին՝ րոպե առաջ իրենց ծառը տնկելու: Գյումրու տեքստիլ թաղամասի Իսահակյանի պուրակում եռուզեռը մի քանի անգամ ավել էր․ այստեղ ծառատունկ էին իրականացնում մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակազմերը մարզպետի և քաղաքապետի գլխավորությամբ: ,,Հաճելին՝ անհրաժեշտի հետ,,- լրագրողների հետ զրույցում հիշեց պարոն Սիմոնյանը անցած ժամանակների շաբաթօրյակները, երբ աշխատողների կողքին գործում էին պաղպաղակի և քաղցրավենիքի շարժական կրպակներ, երբ հնչում էր ուրախ երաժշտություն, և վերջին հաշվով, երբ շաբաթօրյակը վերածվում էր տոնի: Այսօր, ցավոք սրտի, ինչքան ուզում ես մաքրություն արա, չի երևում, քանզի մարդը զլանում է՝ իր ծխած գլանակի մնացորդը գցելու աղբամանը, աղբարկղը դրված՝ աղբը թափված է կողքը․ ինչքան կարող են հավաքարարները հավաքել, ես, առավոտյան աշխատանքի գալիս, տեսնում եմ այդ մարդկանց տքնաջան աշխատանքը, տեսնում եմ նաև մայթեզրերի տակ այլևս բացակայող փոշին, բայց, ցավոք սրտի, տեսնում եմ նաև բնակչության կողմից անտարբեր վերաբերմունքը: Ինչ վերաբերվում է բուն ծառատունկի գործընթացին, պարոն մարզպետն ասաց. – Շատ լավ է ծառատունկը, բայց չեմ ընդունում հինգ, տաս կամ հարյուր հազար ծառ տնկելու իմաստը, երբ ծառատունկից հետո հավուր պատշաճ ուշադրություն և հետևողականություն չցուցաբերելու պատճառով դրանցից 100 հատ էլ չի աճում: Լավ է տնկել 100 ծառ, խնամել և արդյունքում ունենալ թեկուզ 70 ծառ, քան անիմաստ թվեր, արդյունքում՝ զերո: Ի դեպ, հավելենք, որ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ծառատունկի էր եկել թոռնիկի՝ 5 ամյա Հովսեփ Սիմոնյանի հետ, ով, բացի ծառ տնկելուց, խոստացավ նաև խնամել իր տնկած ծառը: