Նորություններ
Ոստիկանության հենակետի բացում Գյումրիում
25.04.2016
Ապրիլի 25-ին Գյումրու Տրդատ Ճարտարապետ փողոցում` Ֆրանսիական պուրակի հարևանությամբ, շահագործման հանձնավեց ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության հենակետը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ա. Համբարյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ս. Մարտիրոսյանը, Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, համատիրության ներկայացուցիչներ, բնակիչներ: Ժապավենը կտրելուց հետո միջոցառման մասնակիցները շրջեցին նորաբաց հենակետում, ծանոթացան շենքային պայմաններին: ՀՀ փոխոստիկանապետն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքի կապակցությամբ, կարևորեց հենակետի առկայությունը բնակչության սպասարկման որակի բարձրացման տեսանկյունից, ինչը հենց իրականացվում է ոստիկանության բարեփոխումների ծրագրերի շրջանակում: Տեխնիկապես հագեցված հենակետի աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով հենակետին հատկացվել է նաև մարդատար մեքենա, որի բանալիները փոխոստիկանապետը հանձնեց հենակետի պատասխանատու, ոստիկանության մայոր Ա. Մարգարյանին: Հենակետի բացման կապակցությամբ բնակչության անունից իրենց շնորհակալությունը հայտնեցին փոխմարզպետը, քաղաքապետը, համատիրության ղեկավարը և բնակիչները: Հենակետի մոտ ՀՀ փոխոստիկանապետը և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետն իրականացրին ծառատունկ: