Նորություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Շիրակի մարզ
26.04.2016
Ապրիլի 25-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Գյուղնախարարը նախ հանդիպեց մարզպետին, ապա մարզպետարանի նիստերի դահլիճում մասնակցեց խորհրդակցության, որին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը, փոխմարզպետ Հ. Արշակյանը , ՀՀ գյուղատնտեսության նախարարության ,, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության,, Շիրակի մարզային կենտրոնի , ՀՀ գյուղատնտեսության նախարարության ,,Անասնաբուժության և բուսասանիտարային ոլորտի,, ՊՈԱԿ –ի, ,,Գյումրու սելեկցիոն կայան,, ՓԲԸ-ի ղեկավարները, ,,Շիրակ,, ՋՕԸ-ի և Շիրակի ԳԱՄԿ-ի տնօրենները, ֆերմերներ, մարզի համայնքների ղեկավարներ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը ներկայացրեց 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրականացված և 2016 թվականին նախատեսվող ծրագրերը:
Իր ելույթում ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Շիրակի մարզում գյուղատնտեսության ոլորտում ունեցած հաջողությունների համար: ,,Դեռևս Խորհրդային տարիներից, ,,Շիրակը՝ որպես հացահատիկի շտեմարան,, հասկացությունը մնում է մինչև օրս` տարեցտարի ավելացնելով բերքատվության քանակը և որակը,,,- ասաց նախարարը: Պարոն Կարապետյանն անրադարձավ նաև ներկաներին հուզող բոլոր այն հարցերին, որոնք առնչվում են գյուղատնտեսությանը, անասնապահությանը, ոռոգմանը, բերքի իրացմանը, կաթնամթերքի գներին, ընդհուպ մինչև բանկերի հետ գործարքներին: Ելույթից հետո նախարարը պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին, որոնք կարծես լրացում կամ հավելում լինեին վերջինիս ելույթին: Ավարտին պարոն Կարապետյանը նշեց. ,,Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ կառավարության և գյուղատնտեսության նախարարության յուրաքանչյուր քայլ ուղղված է գյուղացու հոգսը թեթևացնելու, նրան աշխատելու առավել շահավետ պայմաններ ստեղծելու, իրացման շուկաների հարցը լուծելու, բերքի, մսամթերքի և կաթնամթերքի իրացման խնդիրներն առավել մատչելի դարձնելուն,,: Խորհրդակցության վերջում նախարարը ,,Գյուղատնտեսության նվաճումների համար,, ոսկե մեդալով պարգևատրեց Հոռոմ և Բենիամին համայնքների ֆերմերներ Սեդրակ Գասպարյանին և Անդրանիկ Խաչատրյանին: Շնորհակալագրեր հանձնվեցին Ջաջուռ համայնքի ղեկավարին, մարզի մի շարք համայնքների թվով յոթ ֆերմերների, ինչպես նաև Վահրամաբերդ համայնքից մեկ գյուղատնտեսի և Ջրառատ համայնքից մեկ մեխանիզատորի: Խորհրդակցությունից հետո ՀՀ գյուղնախարարը Շիրակի մարզպետի ուղեկցությամբ մեկնեց մարզի Բանդիվան համայնք` տեղում մոտիկից ծանոթանալու ,,Բանդիվան կաթ,, ՍՊԸ-ի կատարած ներդրումների արդյունքում իրականացված լայնածավալ աշխատանքներին անասնապահության և կաթնամթերքի արտադրության ոլորտում: