Նորություններ
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի մամուլի ասուլիսը Շիրակի մարզպետարանում
28.04.2016
Ապրիլի 28-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինը կազմակերպել էր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Համաձայն նախնական պայմանավորվածության, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման մենէջեր Հրայր Արամյանը մինչ ասուլիսը հանդիպում ունեցան ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, հակիրճ ներկայացրին կենտրոնի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: Պարոն Սիմոնյանը բարձր գնահատելով կենտրոնի իրականացրած աշխատանքները` կարևորեց և հորդորեց հնարավորինս շատ լուսաբանել վերջինիս գործունեության հետ կապված թեմաները, որոնք գովազդի կարիք չունեն, պարզապես անհրաժեշտություն կա, որ հասարակության լայն զանգված տեղեկացված լինի կենտրոնի նշանակության և գործունեության վերաբերյալ: Ասուլիսին ներկա էին միայն տեղական երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո, տիկին Եղոյանը և պարոն Արամյանը բավականին մանրամասն ներկայացրին կենտրոնի կատարած և առաջիկայում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Ձեռնարկությունների ինկուբատորը հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 1-ից կոնսորցիումի անդամների՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի,
Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի, Հայ օգնության ֆոնդի, Microsoft իննովացիոն կենտրոնի հետ միասին իրականացվելու են ծրագրավորման, տեղեկատվական տեխոլոգիաների և եռաչափ մոդելավորման անվճար ուսուցում` Շիրակի և Լոռու մարզերում զուգահեռ: Ծրագիրն ընթանալու է Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում:
Շիրակի մարզում անցկացվել է 6500 ժամ դասըթաց, որի շահառուների թիվը կազմում է շուրջ 1500 ուսանող, Լոռու մարզում` 1500 ժամ, որի շահառուների թիվը կազմում է շուրջ 1200 ուսանող:
Այժմ երկու մարզի ուսանողները գրում են դիպլոմային աշխատանքներ, անցնում պրակտիկա տարբեր ՏՏ ընկերություններում, որտեղ ցուցաբերում են բարձր առաջադիմություն և օրեցօր հասնում նորանոր արդյունքների՝ արժանանալով մասնագետների կողմից բարձր գնահատականի: Ծրագրի նպատակն է. առկա մասնագետների միջոցով խրախուսել ներկայիս երիտասարդությանը, որպեսզի իրենց բիզնես կենտրոնները զարգացնեն հենց Շիրակի և Լոռու մարզերում՝ նպաստելով տեղեկատվական տեխնոլոգիաների հետգա զարգացմանն ու աճին: