Նորություններ
Այցելություն ,,Վարդուհի,, արվեստի դպրոց
14.05.2016
Մայիսի 14-ին Ազգային բարերար Հովհաննես (Ջոն) Օյունջանի հրավերով բարերարի քրոջ անունը կրող ,,Վարդուհի,, արվեստի դպրոց այցելեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Մարզպետին և վերջինիս ուղեկցող Օյունջյան կրթահամալիրի խորհրդի նախագահ, մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Գրիգոր Պապոյանին անձամբ դիմավորեցին բարերարը, ,,Օյունջյան,, հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը, դպրոցի պատասխանատուները: Հենց մուտքի մոտ դպրոցի դհոլահարների խմբակի սաներն իրենց գեղեցիկ կատարումով դիմավորեցին հյուրերին, արդեն շենքի ներսում դպրոցի երգչախումբը Հայաստանի Հանրապետության օրհներգով ընդունեց հյուրերին: Դասասենյակ առ դասասենյակ շրջեցին Շիրակի մարզպետը և նրան ուղեկցողները: Միայն հիանալ կարելի էր դպրոցում ստեղծված հնարավորություններից. խոհանոց` աշխատակազմի համար, բաղնիս` պարարվեստի սաների համար, կոմունալ հարմարություններ` սաների և աշխատակազմի համար առանձին, դասասենյակներ` հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ընթացքում մարզպետին ներկայացվում էր, թե դպրոցում ինչ առարկաներ են դասավանդվում, ովքեր են դասավանդողները, ինչ ոգով են դաստիարակվում սաները: Շուրջ մեկ տարի ու կես գործող արվեստի դպրոցն արդեն հասցրել էր ունենալ իր դափնեկիրներն ու հաղթողներն` մշակութային տարբեր փառատոններում: ,,Վերածնունդ,, 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր Մարիամ Ժամակոչյանին Շիրակի մարզպետը հանձնեց պատվոգիրը: Վարդուհի արվեստի դպրոցը մեծ շուքով շահագործման հանձնվեց 2014 թվականի հոկտենբերի 22-ին, բացման արարողությանը մասնակցելու նպատակով Գյումրի էին ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Աշոտ Աղաբաբյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, այլ պաշտոնատար անձինք, երաժիշտներ: ,,Վարդուհի,, արվեստի դպրոցուի գեղարվեստի, երաժշտական և պարարվեստի դասարաններում այսօր սովորում են 219 աշակերտ:
Ազգային բարերար Հովհաննես (Ջոն) Օյունջանը երկրաշարժից հետո այցելելով Գյումրի և տեսնելով հիմնվեր կործանված բնակելիներն ու ուսումնական հաստատությունները ` վերադարձին որոշում ընդունեց հիմնովին վերակառուցել կործանված դպրոցներից մեկը: Ընտրությունը կանգ առավ Տեքստիլագործների թաղամասում գտնվող թիվ 21 միջնակարգ դպրոցի վրա, որից միայն դիմապատն էր մնացել: 2000թվականի սեպտեմբերին կրկին մեծ հանդիսությամբ տեղի ունեցավ ուսումնական հաստատության նոր շենքի բացման արարողությունը, որը կոչվեց ,,Օյունջյան,, վարժարան: Վերջինս այսօր ՀՀ առաջատար դպրոցներից է, որտեղ ուսանում են 600-ից ավելի աշակերտներ:
Անցնող տարիներին ևս 3 մասնաշենք, դարձյալ ազգային բարերարի ֆինանսական աջակցությամբ, շարք մտավ` սովորական դպրոցը վերածելով տպավորիչ ուսումնական համալիրի: Բացի շինարարական աշխատանքներից բարերարը մշտապես հոգ է տանում նաև դպրոց-վարժարանի շրջանավարտ սաների բարձրագույն կրթությունը կազմակերպելու մասին: Նրա նյութական աջակցությամբ արդեն հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն ` ձեռք բերելով ամենատարբեր մասնագիտություններ:
Չբավարարվելով արածով`Օյունջյանը հիշյալ դպրոցի հարևանությամբ 2013թ.-ին նախաձեռնեց ,,Վարդուհի,, արվեստի դպրոցի կառուցումը, որը եռահարկ շինություն է, զբաղեցնում է շուրջ 1400քառ. մետր տարածք և բոլոր հարմարություններն ունի գյումրեցի փոքրիկների գեղագիտական դաստիարակությունը բարձր մակարդակով իրականացնելու համար: Առ այսօր միայն այս շինության վրա կատարված ընդհանուր ծախսը հատում է շուրջ 1 մլն 250 հազար դոլարի սահմանագիծը: Ներկայումս ,,Վարդուհի,, արվեստի դպրոցի հարևանությամբ վեր է խոյանում արհեստների դպրոցը, որը հավանաբար շահագործման կհանձնվի հաջորդ տարվա մայիս ամսին:
Նշենք նաև, որ Հովհաննես (Ջոն) Օյունջյանը Գյումրու Պատվավոր քաղաքացի է, պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան , ,,Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ,,-ով, ՀՀ Վարչապետի ,,Հուշամեդալ,,-ով և ՀՀ ԿԳՆ ,,Ոսկե մեդալ,,-ով: