Նորություններ
Այսօր Ընտանիքի օրն է
15.05.2016
Մայիսի 15-ին ,,Ընտանիքի միջազգային օր,,- վա կապակցությամբ, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, Գեղագիտության ազգային կենտրոնի
Գյումրու ստորաբաժանումում կազմակերպել էր ,,Իմ ընտանիքը,, խորագիրը կրող նկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Գյումրիում բնակչության խնամք և պաշտպանություն իրականացնող թվով 11 հաստատությունների, կազմակերպությունների և կենտրոնների շուրջ 60 սաների աշխատանքները: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանը, աշխատակազմի քարտուղարության պետ Գրիգոր Պապոյանը: Մինչև ցուցասրահ մտնելը` Շիրակի մարզպետը և նրան ուղեկցողները շրջեցին Գեղագիտության կենտրոնում, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, այցելեցին բոլոր խմբակները, եղան նախակրթարանում, որից հետո կենտրոնի առաջին հարկում դիտեցին երեխաների աշխատանքները: Յուրաքանչյուրը յուրովի էր պատկերացնում ընտանիքն իր ակնկալմամբ, և ինչպես որ պատկերացրել էր, այդպես էլ հանձնել էր թղթին: Հետաքրքիր էր Գյումրու ,,Տիրամայր Հայաստան կենտրոն,,-ի նկարը, որտեղ նկարված էին քույր Արուսյակը, կենտրոնի բոլոր աշխատակիցները և կենտրոն հաճախող սաներն, որոնց համար ընտանիքը հենց կենտրոնն է: Շրջայցի ավարտին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին, շնորհավորեց օրվա խորհրդի կապակցությամբ և նշեց. ,,1993 թվականից միջազգային հանրությունը մայիսի 15-ը նշում է որպես ,,Ընտանիքի օր,,. 2014 թվականին առաջին անգամ մենք ևս նշեցինք այն պաշտոնապես: Շատ գեղեցիկ և խոսուն ցուցահանդես է, յուրաքանչյուրն իր միտքն ու հույզն է հանձնել թղթին` այդպես պատկերացնելով ընտանիքը: Օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և բոլորիդ ցանկանում ամուր, ուրախ ու երջանիկ ընտանիք, այն ընտանիքը, որ պատկերել եք, թո՛ղ ապագայում դառնա ձեր ընտանիքը և դրանով իսկ կկատարվի ձեր մանկական երազանքներից մեկ,,: Մարզպետի անունից ցուցահանդեսի բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր և նվերներ: Ամուր ընտանիքի շուրջպարով, որի մասնակիցները հենց իրենք այդ կառույցներ հաճախող երեխաներն ու մանկավարժներն են, ավարտվեց ընտանիքին նվիրված մեկ օրը, արդեն հաջորդ օրերին ընտանիքն ավելի հզորացնելու ու ամուր պահելու ակնկալիքով: