Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
28.05.2016
Հարգելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Հայ ժողովրդի պատմության մեջ մայիս ամիսը եղավ և մնաց հաղթանակների ամիս: Մայիսյան հերոսամարտերն ապացուցեցին, որ հանուն անկախության և ազատ ապրելու վեհ գաղափարի Հայ ժողովուրդը կարող է պայքարել և հաղթահարել ցանկացած դժվարություն, ինչն իրենց կյանքի գնով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ապացուցեցին մեր հերոս հայորդիները: Այսօրվա սերունդը մեկ անգամ ևս փաստեց, որ իր նախնիների արժանի ժառանգն է:
Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Սոգըթլուի հերոսամարտերը, հաղթական մայիսի 28-ը հայոց պատմության այն շրջադարձային էջերից էին, որոնք դարձան մեր ժողովրդի` իր իսկ հայրենիքում ազատ և անկախ ապրելու, պետականություն ունենալու դարավոր երազանքի իրականացումը:
Ցավոք, անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեզ համար: Այսօր մենք արժանին ենք հատուցում մեր ժողովրդի լավագույն զավակներին, ովքեր անկախության սուրբ պայքարին նվիրաբերեցին իրենց կյանքը:
Հավերժ փառք նրանց հիշատակին:
Շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, ստեղծագործ աշխատանք` հանուն անկախ Հայաստանի հզորացման:
Ամենաջերմ բարեմաղթանքներով`
ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ