Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում բացվեց Գևորգ Վարդանյանի անվան դասասենյակ

10.06.2016

Հունիսի 10-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում ՀՀ Շիրակի մարզպետարանի և դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում  Թալիշում նահատակված գյումրեցի Գևորգ Վարդանյանի անվան դասասենյակ: ,,Գևորգն այս դպրոցում չի սովորել նա մեծացել և սովորել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն, հետ էր վերադարձել ծառայելու իր հայրենիքին, ում ծառայությունը դարձավ անմահություն և այսօր մենք հպարտ ենք մեր դպրոցում ունենալու մեր հերոսի անվամբ դասասենյակ,,.- իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը: Դպրոցի տնօրենի հրամանն ընթերցելուց և պետական հիմնը հնչեցնելուց հետո, դասասենյակի բացման պատիվը տրվեց Գևորգի հորը` Գագիկ Վարդանյանին:
Հայոց լեզվի ուսուցչուհին ներկայացրեց հերոսացած Գևորգ Վարդանյանի ապրած կարճ, սակայն իմաստալից կյանքը: 1996 թվականի օգոստոսի 19-ին Գյումրիում ծնված Գևորգ Վարդանյանի ընտանիքը տեղափոխվել էր բնակության Ալթայի երկրամաս, երբ նա դեռ 5 տարեկան էր: Միջնակարգ դպրոցն ավարտել է այնտեղ, ապա ընդունվել Ալթայի արդյունաբերական քոլեջի գազիֆիկացիայի բաժինը: Կիսատ թողնելով ուսումը 2015 թվականի հունվարին Գևորգը վերադարձել էր հայրենիք` իր պարտքը կատարելու:
Կարող էր չվերադառնալ, ինչպես շատերն են գնում ու չեն վերադառնում, իրենց խոսքերում նշեցին միջոցառմանը մասնակից ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը և ԱԺ պագամավոր Սուքիաս Ավետիսյանը: ,,Ճիշտ է, դժվար է խոսել, բայց հպարտությամբ ենք խոսում Գևորգի և Գևորգի նման նահատակված մեր հայորդիների մասին, ովքեր նահատակվեցին ապրիլյան օրերին նամարդ թշնամու կողմից,,. - նշեց մարզպետի տեղակալը: Երբ վերադարձել է Գևորգը հայրենիք, ծնողները մեկ մտահոգություն են ունեցել, ռուսաստանում մեծացած, նույնիսկ հայերենին լավ չտիրապետող Գևորգն ինչպես է ծառայելու հայրենի հողում: Գևորգն ընկերներին խնդրել է երդման տեքստը գրել ռուսերեն տառերով, մինչև սկսի տիրապետել հայերենին: Արդեն կարճ ժամանակ անց Գևորգը գրել և կարդացել է հայերեն: Սա է 20 ամյա հայորդու կերպարը: Գնդացրորդ Գևորգն արիության և ընկերներին օգնելու համար ստացել էր խրախուսական արձակուրդ: Ապրիլի 4-ին նահատակված Գևորգի դին գտել էին իր հրամանատարի և զինակից ընկերների կողքին:
Գևորգի ծառայության ամբողջ ընթացքում նրա ծնողները Հայաստանում չեն եղել, հետը խոսել էին ապրիլի 3-ի երեկոյան: Նա հանգստացրել էր մորն ասելով, - մամ ջան մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, ջարդելով առաջ ենք գնում, սրանք ով են, որ մենք սրանց հող տանք:
Միայն դասասենյակ բացելով չհավերժացավ Գևորգը: Հունիսի 3-ին Գյումրու ծննդատանը լույս աշխարհ էին եկել Սպարտակ Մկրտչյանի և Արմինե Բեռնեցյանի զույգ տղաները: Ծնողները նորածին որդիներից մեկին անվանակոչել են պապիկի անունով, իսկ երկրորդին՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գևորգ Վարդանյանի պատվին՝ Գևորգ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51