Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում

13.06.2016

Հունիսի 13-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Հայաստանում անցկացվող Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում, Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթը հանդես եկավ «Իմ երազանքը» խորագիրը կրող համերգային ծրագրով: Համերգին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ:
Իր տեսակի մեջ եզակի այս խումբը ստեղծվել է 1987 թվականին և յուրաքանչյուր տարի հանդես է գալիս, ավելի քան, 150 ներկայացումով: Համույթը շրջագայել է շուրջ 60 երկրում՝ ընդգրկելով աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքները՝ Եվրասիա, Ամերիկա, Աֆրիկա: Անվանի կոլեկտիվի խաղացանկում ընդգրկված են վոկալ և գործիքային կատարումներ, բալետ, լատինական պար, պարային և երաժշտական կոմպոզիցիա:
Չինաստանի մշակույթի օրերը Հայաստանում անցկացվում են արդեն երրորդ անգամ: 2009 և 2012 թվականներին՝ մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում ելույթ են ունեցել Ջեձյան նահանգի Հանջոու քաղաքի երգի-պարի թատրոնը, «Հանսեն» ազգային պարի խումբը, ինչպես նաև բացվել է «Մետաքսի ճանապարհը կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսը:
Այս տարի մշակույթի օրերի շրջանակում, հունիսի 10-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև ստորագրված փաստաթուղթը բաղկացած է 12 հոդվածից, որի համաձայն համագործակություն կծավալվի թանգարանների, թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, գրականության, ֆիլմարտադրության, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում: Անդրադարձ կկատարվի միջազգային մշակութային միջոցառումներին՝ ներառյալ մրցույթներ, արվեստի փառատոներ և գիտաժողովներ: Ծրագրով նախանշվում է նաև համագործակցություն՝ Մետաքսի ճանապարհի թեմայով մշակութային միջոցառումների, մշակույթի օրերի, մշակութային ժառանգության պահպանության և մշակութային կոթողների վերականգնման ոլորտներում:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51