Նորություններ
Այսօր նշվում է անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը
29.06.2016
Հունիսի 29-ին Գյումրու զինվորական կոմիսարիատի հարևանությամբ, Ազատամարտի փառքի թանգարանի բակում Շիրակի մարզպետարանի և Կարմիր Խաչի Շիրակի մարզային կազմակերպության աջակցությամբ տեղի ունեցավ անհետ կորածների հիշատակին նվիրված միջոցառում: ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 663 որոշման համաձայն՝ հունիսի 29-ը նշվում է անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր:
Հայաստանի Հանրապաեությունը պարտադրված պատերազմի արդյունքում ունեցավ ոչ միայն բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այլ արձանագրվեց նախադեպը չունեցող դաժան իրականություն` անհետ կորածներ: Հանրապետության ողջ տարածքում հաշվառված է շուրջ հազար անհետ կորած ազատամարտիկ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ, Ախուրյան, Անուշավան, Հոռոմ, Նահապետավան, Մայիսյան, Ջրառատ, Առափի և Վահրամաբերդ համայնքներում հաշվառված են թվով 12 անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ:
Ազատամարտի վետերանների հուշակոթողին ծաղիկներ դնելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին Գյումրու Յոթ Վերք Սուրբ Աստվածածնա եկեղեցի մոմ վառելու իրենց զավակների և ամուսինների առողջության և հնարավոր վերադարձի նկատմամբ հույսն ու հավատը չկորցնելու համար: Մոմավառությունից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Կարմիր Խաչի Շիրակի մարզային կազմակերպության, որտեղ ծավալվեց ջերմ և մտերմիկ զրույց անհետ կորած ազատամարտիկների ծնողների հետ, վերջիններս հաճելի դրվագներ հիշեցին իրենց հարազատների աշխարհիկ կյանքից, անցած գնացած լավ օրերից, բաժակ բարձրացրեցին իրենց որդիների բարի վերադարձի համար, հաստատ համոզված լինելով, որ այդ օրն անպայման կգա:
Մոմավառության և հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու գրասենյակի աշխատակիցներ, Շիրակի կայազորի զինվորականներ: