Նորություններ
Գյումրիում բացվեց երիտասարդական նոր կենտրոն
11.07.2016
Հուլիսի 11-ին Գյումրու ՀՅԴ գրասենյակի հարևանությամբ մեծ հանդիսությամբ բացվեց Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ կառույցի և Շիրվանյան ընտանիքի բարերարությամբ վերակառուցված երիտասարդական կենտրոնը, որը ծառայելու է մարզի երիտասարդների հայեցի դաստիարակությանը:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին բարերարներն իրենց ընտանիքի անդամներով, հյուրեր սփյուռքից, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները, փոխքաղաքապետը, ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն Մարմնի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Երիտասարդական և Պատանեկան միությունների անդամներ: Կենտրոնի բակում եղան ելույթներ, որոնք ընդմիջվում էին պատանիների երգ ու պարով: Իրենց պարային ողջույնն էին բերել ԳՊՄԻ ,,Հրայրք,, ավանդական երգ ու պարի խումբը: Ելույթներից և երաժշտական ողջույններից հետո կենտրոնի բացման պատիվը տրվեց բարերարներ տեր եւ տիկին Շիրվանյաններին:
Հոգևոր հոր օրհնությունից հետո հյուրերը շնորհակալության ու երախտագիտության բաժակներ բարձրացրին` կենտրոնի պատասխանատուներին և շահառուներին մաղթելով բարի երթ:
Ի դեպ, շենքն, ուր գործում է կենտրոնը, 18-րդ դարի կառույց է. այն եղել է Ալեքսանդրապոլի մեծահարուստ առաջին կարգի վաճառական Ղունկի Աղայի /Խնկանոսյան Հարություն/ տունը, որը տարբեր ժամանակներ ունեցել է տարբեր նշանակություն` թուրքական բանակի զինվորական շտաբ, խորհրդային շրջանում` քաղաքի ոստիկանություն, հետագայում՝ քաղաքային արխիվ: Տան տերերի հարևանները` որպես հուշ, կենտրոնին նվիրեցին Ղունկի Աղայի և նրա տիկնոջ նկարները: