Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց «Երերույք-Անի պեմզա» ծրագրը

22.07.2016

Ս. թ. հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ՝ պաշտոնապես ազդարարելու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույք-Անիպեմզա» ծրագրի մեկնարկը: Այդ կապակցությամբ՝ ս. թ. հուլիսի 22-ին, Հա¬յաստանի ազգային գրադարանում կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» հուշարձաններ ծրագրի հիմնադիր, խորհրդի անդամ Գայ Կլաուսը, գի¬տական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին և Վիսնյա Կիսիչը, Եվրոպական ներդրման բանկի անդամ Մարիա Բերժան, «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին:
Ասուլիսին անմիջապես հաջորդեց «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին «Երերույք-Անի պեմզա» ծրագրի ընթացքում հայտարարված լուսանկարչական մրցույթի, ավելի քան 40 աշխատանք: Մրցույթը բաղկացած էր «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները», «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգերից: Մրցույթի նպատակն էր ներկայացնել Երերույք հնագիտական վայրը և նրա շրջակայքում ապրող մարդկանց, վեր հանել ու արժևորել Շիրակի մարզի այս հատվածի առավել հետաքրքիր բնապատկերները: Ցուցահանդեսի շրջանակում հայտարարվեց մրցույթի հաղթողների անունները. «Հատուկ մրցանակ»` Արթին Մուրադյան, «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները» անվանակարգ՝ Արտուշ Ավդալյան, «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգ՝ Լիլիթ Դավթյան: Հաղթողներն արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները կտեղադրվեն «Երերույք-Անիպեմզա» ծրագրի կայքէջում:
Լուսանկարչական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո հրավիրվեց «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոցներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղանը: Քննարկմանը մասնակցում էին ոլորտի մասնագետներ, շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փորձագիտական խումբը կներկայացնի «Երերույք-Անի պեմզա» ծրագրի իրականացման վերաբերյալ իր տեսլականը:
Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը` ս. թ. մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված»հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ՝ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը:
Նշենք նաև, որ «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարած ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկում ընդգրկված են նաև եվրոպական 7 երկրից՝ Փաթառեյ ծովային բերդը Տալլինում (Էստոնիա), Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը (Թուրքիա), Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրան (Իսպանիա), Վենետիկյան ծովածոցը (Իտալիա), Կամպուս Հիոսը (Հունաստան), Հելսինկի-Մալմի օդանավակայանը (Ֆինլանդիա) և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում (Ֆրանսիա):

Մշակույթի նախարարություն
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32