Նորություններ
Ավարտվեց ,,Լավագույն մարզական ընտանիք,,2016 մրցույթի եզրափակիչ փուլը
25.07.2016
Հուլիսի 18-23-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները՝ մասնակցությամբ բոլոր մարզերի, Երևանի և Արցախի հավաքական թիմերի:
Մրցույթը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ,,Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին,, 2004 թվականի մայիսի 20-ի ՆԿ-113-Ն կարգադրությամբ: Այն անց է կացվում 3 փուլով՝ տարածաշրջանային, մարզային և հանրապետական եզրափակիչ: Թիմի կազմը 3 մարդ՝ ընտանիքի հայրը, մայրը և երեխան անկախ սեռից: Ելնելով երեխայի տարիքից թիմ-ընտանիքները մրցում են 4 տարիքային խմբերում: Սկսած 2014 թվականից մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցում են նաև անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամ (հայր կամ մայր) ունեցող ընտանիքները: Բոլոր թիմ-ընտանիքները մրցում են 6 մրցաձևերում:
Շիրակի մարզի պատվիրակները միշտ էլ բարձր արդյունքներ են գրանցել ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում՝ դառնալով հաղթողներ ու մրցանակակիրներ: Բացառություն չկազմեց նաև այս մրցույթը, որտեղ բազմափորձ Ալեքսանյանների ընտանիքը 4-րդ տարիքային խմբում դարձավ հաղթող, իսկ Գեղամյանների ընտանիքը 3-րդ տարիքային խմբում միայն վերջին պահին ,,սայթաքեց,, հրաձգություն մրցաձևում և գրավեց 2-րդ տեղը:
Ընդհանուր թիմային հաշվարկում հաղթող ճանաչվեց քաղաքամայր Երևանի, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին Կոտայքի և Շիրակի մարզերի պատվիրակությունները: