Նորություններ
Շիրակի մարզպետը հաջողություններ մաղթեց Գրետա Վարդանյանին
30.08.2016
Օգոստոսի 30-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Գյումրու Մարզական բարձրագույն վարպետության դպրոց: Շիրակի մարզպետը շրջեց դպրոցում, հանդիպեց մարզիկ մարզուհիներին, վերջիններիս մարզիչներին: Մարզպետի այցի հիմնական նպատակն էր տեղեկանալու ինչպիսի մարզավիճակում է գտնվում ծանրամարտիկ Գրետա Վարդանյանն, ով մի քանի օրից Ռիո դե Ժաներյոյում կմասնակցի Պարալիմպիկ խաղերին: Գրետան շատ բարձր տրամադրությամբ դիմավորեց պարոն մարզպետին, տեղեկացրեց, որ գտնվում է լավ մարզավիճակում: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Գրետային հիշեցրեց, որ այս տարվա ծանրամարտի աշխարհի առաջնությունից առաջ, ինքը կրկին այցելեց էր դպրոց, Նազիկին բարի ճանապարհ մաղթելու, արդյունքում` Նազիկը վերադարձավ չեմպիոնի մեդալ նվաճած: Բուռն ծիծաղով ընդունվեց Շիրակի մարզպետի հորդորը, Գրետան էլ խոստացավ կրկնել իր մարզընկերուհու հաղթական արդյունքը և որպես ապացույց հանեց 80 կգ քաշով ծանրաձողը: Շիրակի մարզպետը ամենաջերմ բարեմաղթանքներով հրաժեշտ տվեց Գրետա Վարդանյանին և նրա մարզիչին, լիահույս, որ վերջինս կվերադառնա անպայման որևէ պատվավոր տեղ զբաղեցրած, ինչին ինքն անձամբ մեծ հավատով կսպասի:
2016 թվականի սեպտեմբերի 7-18-ը Ռիո դե Ժաներյոյում տեղի են ունենալու ամառային Պարալիմպիկ խաղերը: Հեղինակավոր այս միջոցառմանը մեր հանրապետությունը ներկայացնելու են 2 մարզուհիներ՝ ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը /Գյումրի/ և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը/Երևան/:
Գրետա Վարդանյանը արդեն 8 տարի է ինչ զբաղվում է ծանրամարտ մարզաձևով: Նա որպես ծանրամարտիկ մասնակցել է Պեկինի /2008թ./ ու Լոնդոնի/2012թ./ ամառային և որպես լեռնադահուկորդ Թուրինի/2006թ./ ձմեռային պարալիմպիկ խաղերին: Անձնական մարզիչը հանրապետության վաստակավոր մարզիչ Արտակ Ներսիսյանն է: Ռիոյում Գրետան մրցահարթակ է ելնելու սեպտեմբերի 10-ին և մրցելու է 55 կգ քաշային կարգում:
Ի դեպ նշենք, որ Գրետա Վարդանյանն աշխատում է Շիրակի մարզի փրկարարական վարչությունում: