Նորություններ
Լուսաղբյուր համայնքի դպրոցում բացվեց Խաչատուր Հարությունյանի անվան դասասենյակ
15.09.2016
Սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզի Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում բացվեց ապրիլյան պատերազմում զոհված Խաչատուր Հարությունյանի անվան դասասենյակ, ուր իր ուսումնառության տարիներն էր անցկացրել հերոս հայորդին:Միջոցառմանը ներկա էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, զինվորական կոմիսարիատից ներկայացուցիչ, Լուսաղբյուր համայնքի ղեկավարն ու դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, քառօրյային զոհված հերոսի ծնողները: Մինչ դասասենյակի բացումը տեղի ունեցավ հանդիսավոր մաս: Ներկայացվեց նաև, թե ինպիսի սիրված բանիմաց խոհեմ և առաջադեմ աշակերտ է եղել Խաչատուրը, որից հետո դասասենյակի բացման պատիվը տրվեց հերոսի հայրիկին: Շիրակի մարզպետն էլ գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրանցամատյանում և իր խոսքում երախտիքի ու շնորհակալական խոսքեր հղեց նահատակված հերոսի ծնողներին, հարազատներին հավելեց, որ մեր տղաների սխրանքն անմահ է` հայրենիքի հանդեպ անձնազոհության, արիության ու կյանքի անմնացորդ նվիրումի վառ ապացույց: Այնուհետև ներկաները մասնակցեցին նաև Լուսաղբյուր համայնքի եկեղեցու տարածքում գյուղի երիտասարդների ջանքերով բացված մատուռի օծման արարողությանը, որից հետո մոմեր վառեցին` ի հիշատակ պատերազմում զոհված մեր հերոս հայորդիների հոգու հանգստության: