Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունեց Կարմիր խաչի պատվիրակությանը

28.09.2016

Սեպտեմբերի 28-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Շվեյցարական Կարմիր խաչի (ՇԿԽ) պատվիրակությանը, որը ղեկավարում էր ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Պատվիրակության կազմում էին նաև Շվեյցարական Կարմիր խաչի հետ համագործակցող շվեյցարացի գործարարներ/Կարմիր խաչի գործընկերներ:
ՀԿԽԸ գլխավոր քարտուղարը ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու Շիրակում` մարզային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը.
- Շիրակի մարզում մենք իրականացնում ենք բազմաբնույթ ծրագրեր, հատկապես` աղետների կառավարման և սոցիալ-առողջապահական ուղղություններով, և այս ընթացքում մենք մշտապես զգացել ենք ձեր աջակցությունը:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել երկար տարիների արդյունավետ համագործակցության համար, որ հաստատվել է պետական կառավարման մարմինների` մասնավորապես Շիրակի մարզպետարանի հետ, քանի որ այս համագործակցությունն առավել արդյունավետ է դարձնում մեր գործունեության իրականացումը:
Այստեղ են նաև մեր շվեյցարացի գործընկերները, որոնց այցի նպատակն է ծանոթանալ առկա համագործակցությանը, ինչպես նաև ուսումնասիրել և բացահայտել առկա կարիքներն, ու նախանշել համագործակցության նոր եզրեր` հիմնված գնահատված կարիքների վրա:
Գլխավոր քարտուղարը նշեց, որ այս տարի Շիրակի մարզում մեկնարկում է ՀԿԽԸ կողմից Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը, ըստ որի միայնակ տարեցների սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել է ներդրվելու մարզում:
Ի պատասխան` Մարզպետ Հ. Սիմոնյանն ասաց.
- Մենք զգացել ենք Կարմիր խաչի միջազգային շարժման հզոր ուժը, և շնորհակալ ենք Կարմիր խաչին և Շվեյցարիային՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո մարդասիրական օգնության տրամադրման և հայ ժողովրդի կողքին լինելու համար: Ես վստահեցնում եմ, որ, այսուհետ էլ մարզպետարանը կաջակցի Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարզում իրականացվող բոլոր ծրագրերին, քանի որ մեր շահառուներն ունեն դրանց կարիքը, - նշեց մարզպետը:
Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիսովան ներկայացրեց «Կրկնակի ծննդյան տոներ» ծրագիրը, որը շատ հայտնի է Շվեյցարիայում: Ծրագրի գաղափարի համաձայն, Ծննդյան տոներին մարդիկ այն նվերները, որ իրենց պետք չեն, ուղարկում են Կարմիր խաչին՝ խոցելի խմբերին փոխանցելու համար: Այս ծրագրի շնորհիվ ՀԿԽԸ-ին տրամադրված աջակցության միջոցով այս տարվա հունվարին հնարավոր եղավ ձմեռային աջակցություն տրամադրել նոր ժամանած 200 սիրիահայ ընտանիքի:
Մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ տիկին Գորգինյանը նշեց, որ Շիրակի մարզում սոցիալական այլ խնդիրներ էլ կան, որոնցից առանձնացրեց հաշմանդամ երեխաների խնամքի կազմակերպման հարցը` խնդրելով ծրագրեր իրականացնել նաև այս ուղղությամբ:
ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը պատասխանեց, որ հարցը կուսումնասիրեն և արձագանքելու հնարավորություններ կփնտրեն և ավելացրեց.
- Պատվիրակության անունից թույլ տվեք շնորհակալություն հայտնել ընդունելության և շարունակական համագործակցության պատրաստակամության համար: Մենք շատ կարևորում ու բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը:
Հանդիպումից հետո պատվիրակությունը շարունակեց այցելությունը Շիրակի մարզում` այցելելով Գյումրիի տուն-ինտերնատ և տնակներում բնակվող միայնակ տարեցների:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17