Նորություններ
Գյումրու թիվ 23 դպրոցում բացվեց ևս մեկ ինժեներական լաբորատորիա
05.10.2016
Հոկտեմբերի 5-ին Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի թիվ 23 դպրոցում հանդիսավոր կերպով բացվեց ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիան: Լաբորատորիայի կահավորման հովանավորն է թիվ 23 դպրոցի նախկին շրջանավարտ, ներկայումս Շվեցարիայում աշխատող և բնակվող մեր համաքաղաքացի Գագիկ Արշակի Սարգսյանը, ով իր անձնական միջոցներից շուրջ 3 մլն. դրամ է հատկացրել լաբորատորիայի համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության կողմից վերապատրաստում անցած խմբակավարները կվարեն պարապմունքները, երեխաներին կծանոթացնեն և կսովորեցնեն այսօր աշխարհում այդքան մեծ պահանջարկ ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաններին:Միջոցառմանը ներկա էր ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուներ, ,,Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության,, ղեկավար Կարեն Վարդանյանը, Գագիկ Սարգսյանի ծնողները` Արշակ և Անահիտ Սարգսյանները, քույրիկը, Գյումրու ,,Թումո,, կենտրոնի ներկայացուցիչներ: Լաբորատորիայի բացման պատիվը տրվեց երկու դպրոցականների: Բացման խոսքով հանդես եկավ ,,Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության,, տնօրեն պարոն Վարդանյանը, ով մի փոքր ներկայացրեց լաբորատորիայի վերաբերյալ տեղեկատվություն, ապա հորդորեց երեխաներին` լինել աչալուրջ և հետևողական այս ծրագրերի յուրացման հարցում, քանզի, այսօր աշխարհում կա շուրջ 2 մլն աշխատողի պահանջ հենց այս ոլորտում: Երեխաներին և դպրոցի տնօրինությանը շնորհավորեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Կարևորելով լաբորատորիայի բացումը Մուշ թաղամասի այդ միակ հոյակապ դպրոցում` հաջողություններ մաղթեց երեխաներին իրենց համար նոր ոլորտում, օգտվելով առիթից` շնորհավորեց ուսուցչական կոլեկտիվին ուսուցչի օրվա կապակցությամբ: Մարզպետը շնորհակալություն հայտնեց նաև բարերարին` Գագիկ Սարգսյանին, այդ լուրջ ներդրման համար, հույս հայտնելով, որ կգտնվեն Գագիկի նման մարդիկ, ովքեր ևս մասնակից կդառնան մեր երկրի ու պետականության զարգացման ու ամրապնդման գործին: Գագիկ Սարգսյանը մինչև միջոցառման մեկնարկը` հանդիպեց այս դպրոցում աշխատող, ապրիլյան քառօյային նահատակված Հրաչ Գալստյանի ծնողների և Մերուժան Ստեփանյանի մոր հետ: Հավելենք, որ դպրոցի տնօրինության ջանքերով մի քանի օրից դպրոցի ռազմագիտության դասարանում կբացվի քառօրյային նահատակված մեր հերոսներին նվիրված անկյուն: