Նորություններ
Այսօր Արթիկի նորընտիր քաղաքապետը ստանձնեց լիազորությունները
14.11.2016
Նոյեմբերի 14-ին լրացավ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի պաշտոնավարման քառամյա ժամկետը: Այսօր քաղաքապետի լիազորությունները ստանձնեց նորընտիր քաղաքապետ Մխիթար Վարագյանը: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարզպետարանի պատասխանատուների, Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցների ներկայությամբ քաղաքապետին ու ավագանու նոր ընտրված կազմին ներկայացնելու հանդիսավոր արարողությանը սկզբում ողջունեց ներկաներին, այնուհետև շնորհավորելով քաղաքային իշխանության նոր կազմին` նշեց. ,,Ուրախ եմ, որ այսպիսի համերաշխ մթնոլորտում է իրականացվում իշխանության փոխանցումը: Սկզբում ուզում եմ շնորհակալություն հայտնել Արսեն Աբրահամյանին արդյունավետ աշխատանքի ու անցած ժամանակահատվածում հիանալի համագործացության համար: Հետո ուզում եմ Մխիթար Վարագյանին շնորհավորել ու բեղմնավոր աշխատանք մաղթել: Վստահ եմ, որ պարոն Վարագյանը կկարողանա աշխատել հանուն Արթիկի բարօրության,,:
Հովսեփ Սիմոնյանը հույս հայտնեց, որ նորընտիր քաղաքապետը ԱԺ-ի պատգամավորության փորձը կօգտագործի հանուն քաղաքի զարգացման, ամեն ինչ կանի նոր ձեռնարկներով հանդես գալու համար: ,,Ես հասկանում եմ, որ Արթիկում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, բայց նաև հույս ունեմ, որ նոր քաղաքապետը կամք ու ջիղ կունենա դրանց լուծման համար,, ,-ասաց Շիրակի մարզպետը:
Իսկ Մխիթար Վարագյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ նորընտիր ավագանու հետ համատեղ աշխատանքին պատրաստ է. ,,Վստահ եմ, որ համագործակցության արդյունքում կկարողանանք շատ խնդիրներ լուծել. պետք է բոլորս միահամուռ բռունցք լինենք, որ կարողանանք արդյունքներ գրանցել,,: