Նորություններ
Շիրակի մարզպետի ուղերձը երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ
07.12.2016
Հարգելի՛ շիրակցիներ.
Երկրաշարժից անցել է 28 տարի, սակայն տարերքի հասցրած ավերածությունների հետքերը, հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են մեր սրտերում: Շիրակի մարզը երկրաշարժից առավել տուժած տարածաշրջանն է, որը կորցրեց իր բնակելի ֆոնդի, արտադրական հզորությունների, կրթամշակութային և սոցիալական կառույցների գերակշիռ մասը: Շնորհիվ աշխարհասփյուռ հայության, բազմաթիվ պետությունների, կազմակերպությունների ու անհատների օգնության մենք կարողացանք դիմագրավել աղետին, վերացնել պատճառված վնասների մեծ մասը: Համոզված ենք, որ առաջիկա տարիները մեզ համար լինելու են առաջընթացի և ձեռքբերումների ժամանակաշրջան. մեր համախմբվածության շնորհիվ հաղթահարելու ենք դժվարությունները, անելու ենք հնարավորինը, որպեսզի շենացնենք մեր հայրենիքը:
Հարգելի՛ շիրակցիներ, աղետի 28-րդ տարելիցի առիթով ընդունեք իմ խոնարհումը զոհվածների հիշատակին:
Ցանկանում եմ ձեզ ուժեղ կամք, անսասան հավատ և վստահություն վաղվա օրվա հանդեպ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ ` Հ. ՍԻՄՈՆՅԱՆ