Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

07.12.2016

Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետի առաջին կանգառը Ախուրյան համայնքում էր: Այստեղ պետության տրամադրած 798մլն դրամի շրջանակներում կառուցվել են 3 շենքեր ընդհանուր 104 բնակարաններով:Տարեմուտը բնակարանների շահառուները կդիմավորեն նորակառույցներում: Վարչապետը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջեց բնակարաններում, ծանոթացավ պայմաններին, զրուցեց բնակիչների հետ: Բնակարաններից մեկի շահառուն ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Աշոտ Շախբազյանի ընտանիքն էր, որն ուներ անօթևանի կարգավիճակ. ևս մի քանի օր և ընտանիքը քարաշեն բնակարան կտեղափոխվի:
Նշենք, որ Ախուրյան համայնքում անօթևանության խնդրի վերջնական կարգավորման համար 104 ընտանիքներին բնակարան հատկացնելուց զատ 36 ընտանիքների էլ հատկացվել է բնակարանի գնման վկայագրեր, որոնք սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարաններ:
Ախուրյանից վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղղվեց Գյումրի. ժամը 11:41-ին հյուրերն ու ներկաները ծաղիկներ դրեցին ,,Սուրբ Ամենափրկիչ,, եկեղեցու հարևանությամբ տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ:
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր, ուր Կարեն Կարապետյանը ծանոթացավ կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին: Վարչապետը նախ մասնակցեց ,,Այբ,, դպրոցի և ,,Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան,, կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված ,,Ծրագրավորման ժամ,, (Hour of Code) միջոցառմանը, ապա հանդիպեց ուսանողներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի զարգացմանը և այդ գործում կառավարության անելիքներին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ հաճախ է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների, գործարարների հետ, և այժմ կառավարությունը սպասում է նրանցից գլոբալ առաջարկի՝ ՏՏ բնագավառի որակական փոփոխությունների և պետական աջակցության վերաբերյալ: ,,Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս ոլորտն աճի, որովհետև ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, այս ոլորտի միջին աշխատավարձը, ընդհանրապես մտածելակերպը, աշխարհահայացքը բավական առաջադեմ է և վարակիչ ու կարող է տարածվել բոլոր ոլորտների վրա,, , - ասաց վարչապետը՝ առաջարկելով ուսանողներին նույնպես ակտիվ լինել և առաջարկություններ ներկայացնել:
Կառավարության ղեկավարը ուսանողների հետ խոսեց նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը և Գյումրիին նոր շունչ հաղորդելուն վերաբերող հարցերի մասին: ,,Գյումրին տուրիզմի համար պարարտ հող ունի, ֆանտաստիկ հնարավորություններ տուրիստներին գրավելու համար, մեր անելիքներն այս առումով շատ են: Դու՛ք երիտասարդներդ, չինովնիկներից լավ կարող եք իրավիճակ փոխել, ձեր մտածելակերպն առավել առաջադեմ է: Դրա համար առաջարկում եմ, որ ինքներդ ձեր առջև խնդիր դնեք՝ ինչպես Գյումրին մի քիչ հարմարավետ դարձնել, ինչպես բիզնեսն այդ գործընթացի մեջ ներգրավել, որ և´ եկամուտ ստանա, և´ կարողանա քաղաքը գրավիչ դարձնել: Մենք ակնկալում ենք կամայական գաղափար, որը նաև ֆինանսական կարողություն է պահանջում, բայց տրամաբանական,, , - ասաց Կարեն Կարապետյանը:
Գյումրու ,,Թումո,, ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում էլ վարչապետը ծանոթացավ աշխատանքներին ու ձեռնարկներին:
Շիրակի համայնքապետերի, գործարարների հետ խորհրդակցությանը վարչապետը մասնակցեց բավական ներկայացուցչական կազմով: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ներկայացրեց մարզի սոցիալտնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Մարզպետը տեղեկացրեց, որ այս պահին ընթացքի մեջ են մարզի զարգացման ռազմավարության և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքները: Մարզպետի խոսքով՝ Շիրակում գլխավոր խնդիրն արդյունաբերության ոլորտում հաջողությունների հասնելն է, սակայն կատարված ներդրումների ծավալները դեռևս բավարար չեն մարզի տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:
,,Շիրակը 28 տարի առաջ արդյունաբերական կենտրոն էր: Երբեմնի հզորություններից երկրաշարժի, ԽՍՀՄ ամբողջական տնտեսության փլուզման և հարևանների կողմից շրջափակման հետևանքով գրեթե ոչինչ չի մնացել: Ինձ համար որպես գյումրեցու, գլխավոր խնդիրն արդյունաբերության բնագավառում հաջողությունների հասնելն է: Սակայն այս ոլորտում կատարված ներդրումների ծավալները դեռևս բավարար չեն մարզի տնտեսության զարգացման, ու, որ ամենակարևորն է` նոր աշխատատեղերի ստեղծման համար: Բոլորին հայտնի է, որ Շիրակի մարզն աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզն է հանրապետությունում, այստեղ աղքատ է բնակչության 45 %-ից ավելին: Շիրակի մարզում գործող ձեռնարկությունների կողմից թողարկվող արտադրանքի տարեկան ծավալը կազմել է շուրջ 40.7 մլրդ դրամ, որը հանրապետության արդյունաբերության արտադրանքի շուրջ 3%-ն է: Մեր գլխավոր խնդիրն` այս առումով գտնել ուղիներ, նախանշել ծրագրեր, ապահովել ներդրումների համար նպաստավոր պայմաններ ու մթնոլորտ: Ամեն դեպքում ուրախությամբ նաև կխոսեմ մի քանի ձեռնարկների և ձեռքբերումների մասին. Գյումրիում շահագործման է հանձնվել ,,Լենտեքս,, ընկերության նոր արտադրական մասնաշենքը, որն անխափան գործում է 220 նոր աշխատատեղով, շարունակվում են ,,Արմամաստ,, ՍՊԸ-ի ածիկի արտադրության նոր ձեռնարկության կառուցման աշխատանքները, նախտեսվում է ստեղծել 150 աշխատատեղ, ,,ՍասսՏեքս,, ընկերության կողմից Գյումրիում վերակառուցվում է նախկին մարզային հիվանդանոցը, որը գործելու է որպես կարի ֆաբրիկա, 2017 թվականին կհանձնվի շահագործման` ապահովելով շուրջ 400 աշխատեղ,Արթիկ քաղաքում 2017 թվականի ընթցքում նախատեսվում է գործարարներ Հրայր Հակոբյանի և Դավիթ Վարագյանի կողմից շահագործման հանձնել կարի գործարան՝ շուրջ 500-600 աշխատատեղով:
Այսօրինակ ձեռնարկները մարզի սոցիալտնտեսական կյանքում դրական տեղաշարժի են հանգեցնելու,, ,- խոսքում մասնավորապես նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Կարևոր նշանակություն, ըստ մարզպետի, ունի նաև Կապսի ջրամբարի կառուցումը, որի առնչությամբ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ: Մարզպետը ներկայացրեց նաև քաղաքաշինության, ջրամատակարարման, տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ կապված մանրամասներ: ,, Մեծարգո պարոն Վարչապետ, անչափ ուրախ ենք այսչափ ներկայացուցչական կազմով այսօր Գյումրի Ձեր այցելության համար, վստահ ենք, որ Ձեր գլխավորությամբ, բոլոր մյուս գործընկերների հետ համատեղ, հավասարակշռված ջանքերով ու հետևողական քայլերով կարողանալու ենք դրական տեղաշարժ արձանագրել մարզի տնտեսությունում,, ,- ասաց Շիրակի մարզպետը:
Այնուհետև մարզի գործարարների, համայնքապետերի հետ ծավալվեց կառուցողական ու հետաքրքիր զրույց, որի ավարտին կառավարության ղեկավարը նշեց. ,,Ես անպայման այս խոսքն ուզում եմ ասել, որովհետև շատերը կարող են մեկնաբանել, որ ես բիզնես, բիզնես ասում եմ, բիզնես շահերի կողմնակից եմ: Բայց ուրիշ տարբերակ չկա: Աշխատատեղ ստեղծողը բիզնեսն է, հարկ վճարողը բիզնեսն է, երկիրը պահողը, աշխատողը մարդն է, հավելյալ արժեք ստեղծողն է, որից հետո մենք արդեն բաժանում ենք զինվորին, ուսուցչին, բժշկին: Կարծում եմ՝ մի օր վերջանալու է այն պահը, որ մենք խեղճ լինենք, վիզներս ծուռ լինի, որ օգնություն ստանանք: Մեկս մյուսին ,,քոմակ,, անելով՝ այս երկիրը պետք է դզենք, ուրիշ տարբերակ չկա, որևիցե մեկը չի գալու մեր փոխարեն մեր երկիրը սարքի: Գյումրին սարքողն առաջինը գյումրեցին պետք է լինի, եթե նույնիսկ այսօր ինքը մի քիչ խեղճացած է, այս սարսափելի ծանրության տակ մի քիչ ծռված է, պետք է օգնենք իրեն, որ կարողանա վաղվա օրվան համարձակ նայել: Եվ դրա համար այսօր բոլոր ծրագրերը մաքսիմալ ուշադիր նայելու ենք,, :
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51