Նորություններ
Այցելություն ,,Հարավկովկասյան երկաթուղի,, ՓԲԸ Գյումրու մասնաճյուղ
09.12.2016
Դեկտեմբերի 9-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց ,,Հարավկովկասյան երկաթուղի,, ՓԲԸ Գյումրու մասնաճյուղ: Այստեղ ընկերության աշխատանքներին, իրականացված ծրագրերին, նոր ձեռնարկներին ու տեխնոլոգիաներին Շիրակի մարզպետին ծանոթացրեց ,,Հարավկովկասյան երկաթուղի,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Վերջիններս գնացքով այցելեցին վագոնային, այնուհետև լոկոմոտիվային դեպոներ: Վագոնային դեպոյում Սերգեյ Վալկոն մարզպետին ներկայացրեց նորամուծություններն ու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ վագոնների ու շարժակազմերի նորոգման սարքավորումները: Հոլովակավոր առանցքակալների արտադրամասում Հովսեփ Սիմոնյանին ներկայացվեց առանցքակալների վերանորոգման նոր հաստոցը, այնուհետև հյուրերը շրջեցին բոլոր արտադրամասերում, այցելեցին բուժկետ, որտեղ ծանոթացան բոլորովին նոր ու թարմացված բժշկական սարքավորումներին:Լրագրողների հետ զրույցում ,,Հարավկովկասյաներկաթուղի,, ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահան Գասպարյանը նշեց, որ երկարատև դադարից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոյում վերսկսվել են ջերմաքարշերի և էլեկտրաքարշերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Վերանորոգված առաջին ջերմաքարշերը և էլեկտրաքարշերն արդեն շահագործվում են ,,ՀԿԵ,,-ում: ,,Բոլոր վերոնշյալ աշխատանքները թույլ տվեցին էապես բարձրացնել գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը և ենթակառուցվածքի որակը,, ,-ասաց Վահան Գասպարյանը: Ըստ պարոն Գասպարյանի 2016-ին որոշակի աճ է արձանագրվել ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ծավալների մեջ: ,,Անցած տարվա ընթացքում երկաթուղայինները կենտրոնացել են ոչ միայն ենթակառուցվածքի արդիականացման, այլև նոր տեխնոլոգիաների կիրառման հարցերի վրա,, ,- խոսքում նշեց Սերգեյ Վալկոն: Վերջինս ընդգծեց կայարանների հերթապահների գիտելիքների բարձրացման անհրաժեշտությունը և արձանագրեց ,,Գյումրի,, գծային-կայարանային միավորման հաջողություններն այս հարցում: Սերգեյ Վալկոն ուշադրություն հրավիրեց նաև ճանապարհային վարպետների աշխատանքի կատարելագործմանը:
Նշենք, որ ,,ՀԿԵ,, ՓԲԸ-ն ,,Ռուսական երկաթուղիներ,, ԲԲԸ–ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: