Նորություններ
,,Պոբեդայի,, առաջին թռիչքը վաղն է
14.12.2016
Այօսր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Գյումրու ,,Շիրակ,, օդանավակայան` ծանոթանալու դեկտեմբերի 15-ին օդանավակայանից ռուսական ,,Պոբեդա,, ավիաընկերության առաջին թռիչքի հետ կապված նախապատրաստական աշխատանքներին: Մարզպետը շրջեց օդանավակայանում. ,,Շիրակ,, օդանավակայանի ղեկավար Սեյրան Չուխաջյանը ներկայացրեց իրականացված աշխատանքները:
Մարզպետն ուրախությամբ նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ ,,Շիրակ,, օդանավակայանն արդեն ութ ամիս է նորմալ չի աշխատել, բավական լավ վիճակում է գտնվում: Լրագրողների հետ զրույցում Հովսեփ Սիմոնայանն ընդգծեց ձեռնարկի կարևորությունը. ,,Ես ուզում եմ հստակորեն նշել, որ այս թռիչքների իրականացումը կարող է նպաստել մարզում որոշակի տեղաշարժերի, մասնավորապես, խոսքս վերաբերում է տուրիզմի զարգացմանը, ինչը կենթադրի սպասարկման ոլորտում առաջընթացին: Մենք պետք է կարողանանք այնպես ընդունել մարզ այցելող մարդկանց, նրանց սպասարկումն այնքան բարձրակարգ կազմակերպել, որ Գյումրի եկողը կրկին այցելության մասին մտածի, նոր այցելուների հրավիրի,,: Ի դեպ, վաղվանից կմեկնարկեն թռիչքները. ցերեկային ժամերին շաբաթը 3 անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին: Ինչպես և հայտարարվել էր` տոմսերի արժեքը լինելու է սկսած 999 ռուբլուն համարժեք ՀՀ դրամից:
Նշենք, որ ,,Պոբեդայի,, տնօրենը Գյումրու օդանավակայանը որակել է լոքուոսթերներ սպասարկող օդակայան, ինչը հույս է ներշնչում, որ բացի ռուսական այս ավիաընկերությունից այլ ընկերություններ ևս կմտնեն հայկական շուկա` մատչելի գներով ու ուղղություններով: