Նորություններ
Կյանքս կտամ հայրենիքիս...
30.01.2017
Հունվարի 30-ին ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքի դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց Շավարշ Մելիքսեթի Մելիքյանի անունով: Միջոցառամանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Շավարշի ընկերները, բարեկամներն ու հարազատները, զլմ ներկայացուցիչներ:
Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանի մասին Աշոցքում բոլորն են խոսում հպարտությամբ ու սիրով, մանկուց <Գեներալ> մականունը ստացած երիտասարդը միշտ զինվորական կեցվածքով ու պարտաճանաչությամբ է աչքի ընկել շրջապատում:
<Դպրոցում սովորելիս արդեն որոշեց գնալ զինվորական ուսում ստանալու, չնայած ես չէի էլ ուզում, բայց ինքն այնքան վճռական էր, որ որևէ մեկս չկարողացանք հակառակն համոզել: Գնաց, սովորեց, բարձր առաջադիմությամբ ավարտեց ու ոգևորությամբ աշխատանքի անցավ բալես....>,- արցունքն աչքերին պատմում է Շավարշի մայրը: Հայրն ավելի քչախոս է, բայց այնքան հպարտությամբ է խոսում որդու մասին, իսկ որդու անունը կրող դասասենյակի ժապավենը կտրելուց միայն հպարտության ու կարոտի արցունքներ են երևում նրա աչքերում:
<Ես այնքան հպարտություն եմ զգում, որ այժմ Շավարշի անունը կրող դասասենյակում եմ գտնվում: Շավարշն այն քչերից էր, ում համար կյանքը երկրորդական էր, հայրենիքն էր առաջինը ու նա դա ապացուցեց իր սխրանքով: Թող լույս իջնի Շավարշի շիրիմին, ծնողներին համբերություն եմ մաղթում, իսկ մեր 25 ամյա բանակին` հաղթական ճանապարհ, խաղաղ երկինք>,- նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Ռազմագիտության դասարանում, որն արդեն Շավարշի անունն է կրում, նաև <Փառքի անկյուն> կա, որտեղ դասակի հրամանատար Շավարշի բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերն են, նկարներն ու մեդալները, իսկ ամենակարևոր տեղում վերջինն է` ամենակարևորը, ամենատխուրը` հետմահու <Արիության մեդալը>, որն ընդամենը երկու օր առաջ շնորհվեց երկրի նախագահի կողմից` հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար: