Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կյանքս կտամ հայրենիքիս...

30.01.2017

Հունվարի 30-ին ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքի դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց Շավարշ Մելիքսեթի Մելիքյանի անունով: Միջոցառամանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Շավարշի ընկերները, բարեկամներն ու հարազատները, զլմ ներկայացուցիչներ:

Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանի մասին Աշոցքում բոլորն են խոսում հպարտությամբ ու սիրով, մանկուց <Գեներալ> մականունը ստացած երիտասարդը միշտ զինվորական կեցվածքով ու պարտաճանաչությամբ է աչքի ընկել շրջապատում:

<Դպրոցում սովորելիս արդեն որոշեց գնալ զինվորական ուսում ստանալու, չնայած ես չէի էլ ուզում, բայց ինքն այնքան վճռական էր, որ որևէ մեկս չկարողացանք հակառակն համոզել: Գնաց, սովորեց, բարձր առաջադիմությամբ ավարտեց ու ոգևորությամբ աշխատանքի անցավ բալես....>,- արցունքն աչքերին պատմում է Շավարշի մայրը: Հայրն ավելի քչախոս է, բայց այնքան հպարտությամբ է խոսում որդու մասին, իսկ որդու անունը կրող դասասենյակի ժապավենը կտրելուց միայն հպարտության ու կարոտի արցունքներ են երևում նրա աչքերում:

<Ես այնքան հպարտություն եմ զգում, որ այժմ Շավարշի անունը կրող դասասենյակում եմ գտնվում: Շավարշն այն քչերից էր, ում համար կյանքը երկրորդական էր, հայրենիքն էր առաջինը ու նա դա ապացուցեց իր սխրանքով: Թող լույս իջնի Շավարշի շիրիմին, ծնողներին համբերություն եմ  մաղթում, իսկ մեր 25 ամյա բանակին` հաղթական ճանապարհ, խաղաղ երկինք>,- նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Ռազմագիտության դասարանում, որն արդեն Շավարշի անունն է կրում, նաև <Փառքի անկյուն> կա, որտեղ դասակի հրամանատար Շավարշի բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերն են, նկարներն ու մեդալները, իսկ ամենակարևոր տեղում վերջինն է` ամենակարևորը, ամենատխուրը` հետմահու <Արիության մեդալը>, որն ընդամենը երկու օր առաջ շնորհվեց երկրի նախագահի կողմից` հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51