Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետն այցելեց Գյումրի

03.02.2017

Փետրվարի 3-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, տարբեր ոլորտների մի շարք պատասխանատուներ, գործարարներ: Գյումրու ,,Շիրակ,, օդանավակայանում ՀՀ Վարչապետին դիմավորեցին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային, քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Օդանավակայանում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացավ ենթակառուցվածքային պայմաններին: Գյումրու օդանավակայանը գործում է 1961 թվականից, ներկայիս շենքն ու վազքուղին շահագործման է հանձնվել 1982 թվականին, 2007 թվականին իրականացվել է հիﬓանորոգում, ասֆալտապատվել է թռիչքուղին: Ինչպես նշեց օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ներկայացուցիչը աշխատանքների որակի բարձրացման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի 2017 թվականի ընթացքում: Ոլորտի պատասխանատուները վստահեցրին, որ աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատուցվում են նույնիսկ անվճար:
Վարչապետի հաջորդ կանգառը Գյումրու ածիկի <Արմամաս> գործարանում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Գործարանի գործարկման արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ, այն տարեկան կտա մինչև 18 հազար տոննա արտադրանք:
Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այնուհետ եղավ «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնում: Ծանոթանալով կենտրոնում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, երաժշտության, քանդակագործության, արվեստի, արհեստի և խոհանոցային սրահներին, վարչապետը ուղևորվեց Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանի տարածք, ոտքով շրջեց Շիրազի, Ռուսթավելի, Աբովյան փողոցներով, հիացմունքով լսեց այս փողոցներում կառուցված պատմամշակութային նշանակություն ունեցող շենքերի, շինությունների պատմության մասին, ծանոթացավ ներկայիս վիճակին և դրանց առնչվող մասնավոր նախագծերին:
Այնուհետ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որին մասնակցում էին մի շարք շահագրգիռ ներդրողներ, գերատեսչությունների, կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը հնարավորություն կտա խթանել Գյումրիում տնտեսությունը և զբոսաշրջությունը: Քանի որ Կումայրին վերականգնելու համար պահանջվում է 200 միլիոն դոլարի ներդրում, ապա այն կիրականացվի փուլային տարբերակով։ Ծրագրերի մեկնարկը կազդարարվի Գյումրու Ռուսթավելի և Շիրազի փողոցների վերականգմամբ։Ծրագրի կյանքի կոչման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ:
Ըստ վարչապետի մշակվել է հետաքրքիր և տրամաբանական ներդրումային ծրագիր, որը կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր: Եվ ամենակարևորը, Կարեն Կարապետյանը վստահ է` այս ծրագիրը Գյումրիում տրամադրություն կփոխի: Ի դեպ վարչապետը վստահեցրեց առաջին ներդրողներից մեկն էլ իր ընտանիքն է լինելու. <Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի»:
Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ: Ի դեպ ծրագրի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային, նաև հարևան Վրաստանի փորձը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01