Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Շիրակի մարզի ռազմավարության նախագծի երկրորդ փուլի քննարկումը

21.02.2017

Փետրվարի 21-ին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Շիրակի մարզի ռազմավարության նախագծի երկրորդ փուլի քննարկումը, որին մասնակցում էին շահագրգիռ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Շիրակի մարզպետարանի ռազմավարության մշակման աշխատանքային խումբն ու մարզպետարանի մի շարք վարչությունների աշխատակիցներ, ինչպես նաև որոշ համայնքների ղեկավարներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ձեռներեցներ:
ՀՀ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետի ԺՊ Կարեն Բադիշյանը ներկայացրեց ռազմավարության արդեն մշակման փուլ անցած հատվածը: Անդրադարձ եղավ տարբեր ոլորտների ուժեղ և թույլ կողմերին, հնարավորություններին ու սպառնալիքներին, ինչպես նաև տարբեր բնագավառների գերակայություններին ու նպատակներին հասնելու ցուցիչներին:
Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը փաստեց, որ անցած ողջ ժամանակահատվածում ամեն ինչ արվել է աշխատանքներում թերացումները բացառելու համար: Իսկ ՀՀ մարզերի ռազմավարությունների մշակման գործում մեթոդական խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերող կազմակերպության անդամ Ռոբերտ Գիրեյկոն բարձր գնահատեց մեր մարզի աշխատանքային խմբի արդյունքները. <Ես ուրախ եմ, որ դուք հոգատար վերաբերմունք ունեք այս ծրագրի մշակման հարցում, հաշվի եք առել բոլոր դիտողություններն ու նկատառումները>:
Նշենք, որ Շիրակի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության ծրագիրը Շիրակում ներդրումներ կատարելու առաջարկ է` ուղղված միջազգային, դոնոր և այլ կազմակերպություններին, գործարարներին, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Շիրակի մարզի տարածքային զարգացման ռազմավարության հիմնական նպատակները համընկնում են Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական ապահովության համակարգի բարելավում և պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում, որոնք իրենց հերթին նաև համահունչ են ԵՄ 2020թ. ռազմավարության թեմատիկ նպատակներին:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը մարզային մակարդակի ռազմավարական փաստաթուղթ է, որը սահմանում է երկարաժամկետ զարգացման հեռանկարներ ու ուղղություններ Շիրակի մարզում` հիմնվելով առկա իրավիճակի, մարտահրավերների և հնարավորությունների վրա:
ՀՀ Շիրակի մարզի տեսլականն է՝ լինել Հայաստանի առաջատար մարզ, ապահովելով համայնքներում կայուն սոցիալ-տնտեսական հնարավորություններ, ունենալ մրցունակ տնտեսություն և զբաղվածության բարձր մակարդակ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-12 09:40:51