Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցին արդեն զանգ ունի

01.05.2017

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում մայիսի 1-ին օծվեց և տեղադրվեց Սուրբ Հովհաննես Մկրտչի անվան 4-րդ դարի եկեղեցու զանգը: Հայրենի գյուղի եկեղեցուն զանգը նվիրել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Արարողությանը ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետարանի պատասխանատուներ, հյուրեր: Զանգը, նախ, ի նշան մաքրագործման, լվացվեց ջրով և գինով, և ապա՝ օծվեց սրբալույս մյուռոնով:
Լեռնակերտն Արթիկի տարածաշրջանի գյուղերից է, որը երկու եկեղեցի ունի: Գյուղի <Սբ Հովհաննես Մկրտչի> եկեղեցին Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի կառույցներից է: Միանավ բազիլիկ կառուցվածքի վրա մշակվել ու զարգացվել են հայկական ճարտարապետության թաղածածկ կառուցվածքների հնագույն և հիմնական տիպերը:
«Եթե այսօր ներդրում ես անում, ամենաճիշտ տեղը Աստծո մոտ է, մյուս տեղերում չգիտեմ արդյունքն ինչպիսին կլինի, բայց Աստծո մոտ հավիտենական ու հավերժ է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հովսեփ Սիմոնյանը։ Նա ասաց, որ ամաչում է խոսել փոքրիկ ներդրման մասին, քանի որ դա քրիստոնյա հայի ոգու պարտքն է։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը զանգն օրհնելուց հետո գովեստի խոսքեր հղեց Հովսեփ Սիմոնյանին, որ չի մոռացել իր ծննդավայրը, առատաձեռն է գտնվել ու հոգատարություն ցուցաբերել հայրենի գյուղի եկեղեցու, հավատացյալների նկատմամբ։
Այս ձեռնարկը մեկի համար չէ, այլ ողջ գյուղի ու հավատացյալ ժողովրդի: Գուցե ոմանց համար սա փոքր բան թվա, բայց փոքր կաթիլից է ծովն առաջանում- խոսքում նշեց Արթիկի թեմի առաջնորդ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը:
Եկեղեցու զանգի օծումից հետո, կնքեցին Շիրակի մարզպետի երկու թոռնիկները՝ Հովսեփն ու Հասմիկը` տատիկի և պապիկի անվանակիցները։ Աստվածահաճո միջոցառումներն ավարտվեցին եկեղեցու բակում մատաղի բաժանումով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32