Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ստեղծված Շիրակի մարզային հանձնաժողովն արդեն սկսել է աշխատանքները

03.05.2017

Շիրակի մարզպետի կարգադրությամբ` ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում, ձևավորվել է հանձնաժողով, որը զբաղվելու է մարզում աղբահանության, աղբավայրերի խնամքի, ճանապարհների ու դրանց հարակից հատվածների մաքրության հիմնախնդիրներով: Մայիսի 3-ին տեղի ունեցավ հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Նիստին մասնակցում էին ինչպես հանձնաժողովի անդամներն, այնպես էլ մարզի խոշոր համայնքների ու մի շարք պատկան մարմինների ղեկավարներ:
Շիրակի մարզի համայնքներում միջպետական, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին հարող տարածքներում սանիտարական մաքրման, աղբահանության աշխատանքների առավել արդյունավետ և համակարգված իրականացումն ապահովելու, աղբահանության համար չնախատեսված վայրերում դրա հետագա կուտակումները կանխելու նպատակով է ստեղծվել հանձնաժողովը, որի նախագահը ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանն է:
,,Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ շրջակա միջավայրի մաքրության ու աղբահանության խնդիրների լուծմանն ուղղված լուրջ միջոցառումներ են հանրապետությունում իրականացվում: Ինչպես ինձ համար, կարծում եմ նաև Ձեզ համար հաճելի չէ, որ մեր մարզում աղբահանության խնդիրը դառնա լուրջ քննադատության ու քննարկման թեմա: Վստահ եմ համակարծիք կլինեք, որ Շիրակի մարզը զբոսաշրջիկների համար գրավիչ և հարմարավետ դարձնելու համար, անհրաժեշտ է ապահովել մեր քաղաքների, գյուղերի, ճանապարհների մաքրությունը,, ,- նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։
Շիրակի մարզպետն հատկապես կարևորեց պատմամշակության վայրերի շրջակայքի մաքրության խնդիրը, դրանց մերձակա տարածքների կենցաղային և այլ տեսակի թափոններից մաքրումը:
Նշենք, որ հանձնաժողովը, ըստ մարզպետի կարգադրության, պարտավորվում է մարզային ենթակայության ընկերությունների և կազմակերպությունների միջոցով ապահովել վերջիններիս շենքերին հարակից տարածքում անիտարական մաքրման բարեկարգման և կանաչապատման աշխատանքների իրականացումը, մարզի ճանապարհների շահագործումն իրականացնող կազմակերպությունների և համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել ճանապարհներին հարակից տարածքներում աղբահանության կազմակերպումը:
Շիրակի մարզպետը վստահեցրեց, որ այս աշխատանքները լինելու են իր անմիջական հսկողության ներքո, դրանից զատ Հովսեփ Սիմոնյանը կարևորեց զանգվածային լրատվության միջոցների աջակցությունն այս հարցում. ,,Հրապարակային պետք է լինի կատարված ցանկացած աշխատանք, պետք է բարձրաձայնենք խնդիրները, չի կարելի այլևս հանդուրժել, որ աղբը ցանկացած վայրում նետելը անպատժելի է մնում, ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ ինչպես իր տան մաքրության համար է պատասխանատու, այնպես էլ` իր համայնքի,,:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42