Նորություններ
Ուղերձ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ
08.05.2017
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման 25 և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72 ամյակների կապակցությամբ:
Հայ ժողովրդի պատմության մեջ մայիսը դարձավ հաղթանակների, սխրանքների, միասնության ու համախմբվածության խորհրդանիշ:
Այսօր լրանում է մեր նորագույն պատմության փառավոր էջի` Շուշիի ազատագրման և թշնամու կողմից պարտադրված պատերազմի պատճառով կազմավորված Արցախի պաշտպանության բանակի 25-րդ տարելիցները:
1945 թվականի մայիսի 9-ին ազդարարվեց Հայրենական Մեծ պատերազմի ավարտը: Վաղը մենք բոլորս միասին նշելու ենք այդ փառապանծ հաղթանակի 72 ամյակը, որի մասնակիցն են եղել մեր պապերն ու շատերիս հայրերը, մեր ժողովրդի լավագույն որդիները:
Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախյան հերոսամարտում և, ցավոք, դրանից հետո ևս թշնամու դավադիր գործողությունների արդյունքում նահատակված մեր բոլոր քաջորդիների շիրիմներին: Փա ՛ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանն ու ազատությանը:
Արցախի ազգային ազատագրական պատերազմում Հայ ժողովրդի տարած Շուշիի ազատագրման հաղթանակի 25-րդ տարելիցի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ մեզ` բոլորիս, հատկապես Արցախյան ազատամարտի վետերաններին, ցանկանում եմ առողջություն, տոնական բարձր տրամադրություն, մեր նահատակված Հայորդիների ծնողներին` ուժ, կորով, համբերություն, մեր ծառայող երեխաներին` խաղաղ երկինք: