Նորություններ
Շիրակի մարզը համապետական շաբաթօրյակին մասնակցեց մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ
27.05.2017
Շիրակի մարզը համապետական շաբաթօրյակին մասնակցեց մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ
30470 մասնակից, 254 կոլեկտիվ, 333 տեղամաս, Շիրակի մարզը <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակներում իրականացված համապետական շաբաթօրյակին մեծ պատասխանատվությամբ մասնակցեց: Շաբաթօրյակն հասավ անգամ ամենահեռավոր ու ամենափոքր բնակավայր, ընդգրկվեցին բոլոր համայնքները, կազմակերպությունները, դպրոցներն ու նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակակն սեկտորը, բնակիչներն ու մասնավոր կառույցները:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակին մասնակցեց մարզպետի գլխավորությամբ, ընտրվել էր ամենադժվար հատվածներից մեկը` քաղաք մտնող կամրջին հարակից մասը, որտեղ բացի աշխատակիցների արված աշխատանքը` բահերով ու ձեռքով, բավական լայնամասշտաբ գործ իրականացվեց տեխնիկայով: Մարզպետարանին միացել էր նաև <Գյումրի բժշկական կենտրոն>-ի աշխատակազմը: <Այս շաբաթօրյակը բոլորիս է պետք: Վերջապես մենք էլ պետք է հասկանաք, որ պետք է մաքուր բակում, քաղաքում ու մարզում ապրենք: Մեր երեխաներն ու մեր թոռներն այդ իրավունքը ձեռք են բերել: Բայց շաբաթօրյակը միայն մաքրելը չէ, այլ մաքրածը մաքուր պահելը>,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Մեծ աշխատանք իրականացվեց Գյումրի քաղաքում, որը քարտեզագրվել էր ու բաժանվել 61 տարածքների, լուրջ մաքրման աշխատանքներ իրականացվեցին Արթիկ, Մարալիկ համայնքներում, Պեմզաշենում, Ախուրյանում, Ազատանում: Համապետական շաբաթօրյակին բացի դպրոցներից, նախակրթարաններից ու այլ պետական կառույցներից մասնակցեցին են նաև Շիրակի մարզի մասնավոր ընկերություններն, անգամ <Հյուսիս-հարավ> մայրուղու շինարարությամբ զբաղվող կազմակերպությունը, որը տեխնիկա տրամադրեց Մարալիկի հատվածում աղբահանություն իրականացնելու համար:
Նշենք, որ շաբաթօրյակն ավարտվեց խորհրդանշական ծառատունկով` 23 դպրոցի բակում, որին մասնակցեցին պատասխանատուները: Ընդհանուր առմամբ մարզում շաբաթօրյակին կենտրոնացվել էր 92 ինքնաթափ, 20 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատորներ:
Շաբաթօրյակի ավարտին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը այցելեց մարզի տարբեր համայնքներ, մասնավորապես եղավ Մարալիկ ու Արթիկ քաղաքներում, անձամբ հետևեց իրականացված աշխատանքներին, այս համայնքներում ևս մասնակցեց ծառատունկի: