Նորություններ
Շիրակի նոր մարզպետը Արթուր Խաչատրյանն է
08.06.2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին: ,,Սիրելի շիրակցիներ, մինչ Արթուր Խաչատրյանին ներկայացնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը` Հովսեփ Սիմոնյանին, աշխատանքի համար, այս անցած ժամանակահատվածում պարոն Սիմոնյանը կարողացավ մարզում բարեկամական մթնոլորտ ստեղծել, աշխատել համագործակցության մթնոլորտում: Ինչ վերաբերում է Արթուր Խաչատրյանին, ապա ասեմ, որ դժկամությամբ եմ բաժանվում նրանից, քանի որ նա բանիմաց ու գրագետ անձնավորություն է և կկարողանա իր փորձը ծառայեցնել մարզի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Շիրակի մարզում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, հատկապես եթե հաշվի առնենք, որ այստեղ աղքատության ցուցանիշը ամենաբարձրն է: Կառավարությունն իրապես սևեռել է ուշադրությունը մարզի հոգսերին և այստեղ բազմաբնույթ ծրագրեր են կյանքի կոչվելու: Կարծում եմ Արթուր Խաչատրյանի տնտեսության բնագավառում ունեցած փորձը դրանց իրագործմանը նպաստելու են,, ,-ասել է Դավիթ Լոքյանը:Շիրակի արդեն նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շիրակցիներին ու Շիրակի մարզպետարանի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար, իսկ նորանշանակ մարզպետին մաղթել է բարի աշխատանք:,,Հարգելի շիրակցիներ, ինձ համար պատիվ է Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը, անկասկած մեր առջև ծառացած խնդիրները գիտակցելով եմ այստեղ, բայց վճռականությամբ, որ իմ գիտելիքներն ու փորձը ի նպաստ կդնեմ մարզում տարաբնույթ խնդիրների լուծման համար,, ,- նշել էՇիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:Հանդիպման ավարտին Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ իր աշխատանքն ուղղված է լինելու մարզում տնտեսական վիճակի թեթևացմանը. ,,Աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների խրախուսումը, տեղական արտադրողներին աջակցելը, այս բոլորը ինձ համար առաջնային ծրագրեր են,, ,-ասել է Արթուր Խաչատրյանը: