Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երազգավորսի ամենատարեց բնակչուհին դարձել է 100 տարեկան

18.06.2017

 Հունիսի 18-ին Երազգավորսում նշվեց գյուղի ամենատարեց բնակչի հոբելյանական տարեդարձը` Ազգանուշ Ալեքսանյանի 100 ամյակը։ 100-ամյա հոբելյանը տոնական դարձնելու նպատակով գյուղ էին շտապել Շիրակի մարզպետարանի աշխատակիցները` մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի գլխավորությամբ, ովքեր ծաղկեփնջով և նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանի անունից դրամական պարգևով էին եկել Երազգավորս:
Ազգանուշ Ալեքսանյանը ծնվել է Ղարսի Բաս Շիրակ գյուղում, ընտանիքը գաղթել է այն ժամանակ, երբ նա դեռ մեկ տարեկան էր։ «Շատ փոքր է եղել, երբ կոտորածների ժամանակ գաղթել են, բայց իր հայրենի գյուղն ամբողջ կյանքում կանչում է իրեն։ Մորս ծննդավայրը հեռու չէ Երազգավորսից, երևում է այստեղից, մայրս ժամերով կանգնում ու նայում է իր գյուղը՝ կարոտած հայացքով։ Թեև մանկությունն այնտեղ չի անցել, բայց զգացվում է, որ շատ մեծ է իր մոտ Էրգրի կարոտը»,-լրագրողների հետ զրույցում նշել է Ազգանուշ տատի դուստրը։ Ազգանուշ Ալեքսանյանը 14 տարեկանից դաստիարակ է աշխատել հարակից գյուղերի մանկապարտեզներում, այնուհետ երկար ժամանակ եղել է Երազգավորսի մանկապարտեզի վարիչը։ Նա 9 զավակ է ունեցել՝ 7 տղա ու 2 աղջիկ, տղաներից երկուսը մահացել են, ավագ դուստրը շուտով 80 տարեկան կլինի։ Տատիկն ունի 17 թոռ, 33 թոռի երեխա և 20 թոռի թոռ։ Երեխաները պատմում են, որ մայրն իրենց հոր հետ ծանոթացել է Գյումրիում՝ ուսանողական տարիներին, երբ հորդառատ անձրևից պատսպարվել են ինչ-որ շենքի կտուրի տակ։ Սիրահարվել ու ամուսնացել են, երբ Ազգանուշ տատը դեռ 16 տարեկան էր՝ մանկավարժական ուսումնարանի սան։ Տատի ամուսինը նույնպես մանկավարժ է եղել, մահացել է 80 տարեկան հասակում։ Ազգանուշ տատիկն այդ տարիքում առանց ակնոցների գրքեր է կարդում, շատ է սիրում կարդալ, ընդ որում՝ հայերենից բացի, կարդում է ռուսերեն գրքեր։ Հարազատների ասելով, նա վերջին մի քանի ամսվա ընթացքում է մի փոքր խեղճացել։ Ամեն դեպքում Ազգանուշ տատի երկարակեցության գաղտնիքը, թերևս, ընտանիքի կողմից սիրված լինելու ու իր ընտանիքը սիրելու մեջ է, ընտանիքը պաշտպանելն ու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաջողությամբ երջանկանալը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59