Նորություններ
Արթիկի Սասունցի Դավթի փողոցի շենքի քարաթափման հետքերով
23.06.2017
Հունիսի 22-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում քարաթափվել է Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքի պատի արտաքին մասի շուրջ 10 քառակուսի մետր հատվածը: Գիշերը բնակիչները տարհանվել են: Դեպքից անմիջապես հետո Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և տեղական ինքնակառավարման ու հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը եղել են Արթիկում, առավոտյան արդեն մարզպետի հանձնարարությամբ Արթիկ են գործուղվել մարզպետի տեղակալն ու քաղաքաշինության վարչության պետը, ովքեր ուսումնասիրություններ ու տեղազննում են կատարել, այնուհետև քննարկում անցկացրել Արթիկի քաղաքապետարանում: Արդյունքները զեկուցվել է Շիրակի մարզպետին: Մարզպետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են բնակիչներին` ժամանակավոր բնակության խնդիր լուծելու համար, որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը: Կարճաժամկետ լուծման տարբերակներից զատ, դիտարկվում են նաև խնդրի արմատական կարգավորման մի քանի տարբերակներ:
Մինչ այդ, խնդիրը մարզպետի անմիջական ուշադրության և վերահսկողության ներքո է գտնվում, մարզպետարանի աշխատակիցներից մեկը հերթապահում է Արթիկում, մշտական կապ կա Արթիկի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ:
Շենքում ուսումնասիրություն են կատարել նաև Սեյսմիկ պաշտպանության աշխատակիցները, ովքեր շենքի վիճակի մասին եզրակացություն կտան առաջիկա օրերին: Շենքը կառուցվել է 1986 թվականին: Սրբատաշ, քարային <մեդիս> տիպի շարվածքով քառահարկ կառույց է, ունի 12 բնակարան, որոնցից 5-ը` մեկ սենյականոց, 3 բնակարանը` 2 սենյականոց, իսկ 4 բնակարան 3 սենյականոց է: Նշենք, որ քարաթափման արդյունքում տուժել են հիմնականում մեկ սենյականոց բնակարանները, որտեղ բնակվում են 16 քաղաքացիներ