Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական շաբաթօրյակի նախապատրաստություններ, <Մաքուր Հայաստան> ծրագրի ընթացիկ աշխատանքների քննարկում

06.07.2017

Հուլիսի 6-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակներում ստեղծված Շիրակի մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են մի քանի օրակարգային հարցեր: Քննարկման հարցերից մեկն էլ մարզպետի այցելած այն աղբավայրերի մաքրմանն էր առնչվում, ուր նախորդ օրը եղել էր Արթուր Խաչատրյանը: Ինչպես Գյումրու քաղաքապետի տեղակալն, այնպես էլ Առափի համայնքի ղեկավարը հավաստել են մարզպետին, որ նշված տարածքների մաքրման աշխատանքները կմեկնարկեն վաղվանից, մյուս շաբաթվա սկզբին արդեն դրանք ավարտված կլինեն:
Ինչ վերաբերում է ընթացիկ հարցերին, ապա մարզպետը կարևորել է հանձնաժողովի առավել աչալուրջ աշխատանքը: Նախորդ հանձնարարականների քննարկման ժամանակ Արթուր Խաչատրյանն հանձնաժողովականների ուշադրությունը հատկապես հրավիրել է աղբահանման և մաքրման աշխատանքների հետևողականության, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումների վերացմանը: <Անձամբ ականատես եմ լինում ճանապարհներին աղբի կուտակմանը, այսինքն բացի շաբաթօրյակներից, որոնք ապահովում են շրջակա միջավայրի մաքրությունը, մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ պահպանենք մաքրությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է և համատեղ աշխատանք, և հնարավորինս լայն իրազեկում զանգավածային լրատվության միջոցներով, և որոշակի պատժիչ քայլերի ձեռնարկում>,-նշել է Շիրակի մարզպետը:
Նա առաջարկել է ոստիկանությանը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության միջոցով վարչական պատասխանատվության ենթարկել, տուգանել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափողներին, իսկ այդ մասին նկարներ կամ տեսանկարահանումներ տրամադրել մարզպետարանին, ինչն էլ կփոխանցվի լրատվամիջոցներին, ինչն էլ կհանգեցնի առավել աչալրջության:
Իրականացված աշխատանքների ամփոփման ժամանակ մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը փաստել է, որ մարզում աղբավայրերի փակման առումով բավական աշխատանքներ են իրականացվել. <Պարոն Խաչատրյան, ուզում եմ ներկայացնել, որ <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակներում մինչ օրս մարզում գտնվող 337 աղբավայրերից, որոնք զբաղեցնում էին 35.57 հա տարածք, 215-ն արդեն փակված են, 28 աղբավայրերի համար կառավարություն ֆինանսական հատկացումների նպատակով ծրագրեր են ներկայացվել, 7-ի փակման աշխատանքներն ընթացքի մեջ են: 87 աղբավայրեր առայժմ մնում են մշտական շահագործման>:
Աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար մարզպետը հանձնարարել է յուրաքանչյուր համայնքի համար կազմել սանիտարական սխեմա, համակարգված տեղեկություններ աղբի հավաքման հաճախականության վերաբերյալ: Ըստ մարզպետի շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դաստիարակվի դեռ մանկապարտեզից ու դպրոցից, իսկ դրա համար հանձնաժողովն աշխատանքներ իրականացնելու է դպրոցներում` իրազեկման, տեղեկությունների ու ազդեցիկ պաստառների տարածման միջոցով:
Հանդիպման ավարտին հանձնաժողովը քննարկել է հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակին հավուր պատշաճի նախապատրաստվելու և անցկացնելու հետ կապված հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:16:41