Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի այցելությունները գյուղական բնակավայրեր շարունակվում են

25.07.2017

 Հուլիսի 25-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու մարզպետարանի պատասխանատուները այցելեցին Անիի տարածաշրջանի մի շարք համայնքներ, առաջին կանգառը Սարակապ համայնքում էր: Համայնքի բնակիչների հետ գյուղամիջում անմիջական զրույցից ու քննարկումից հետո, Շիրակի մարզպետն այցելեց գյուղաբնակներից մեկի` Գևորգ Ստեփանյանի տուն: Արթուր Խաչատրյանի հետ խոսակցության ժամանակ մեղվաբույծ Գևորգը պատմեց, որ 25 փեթակ ունի, տարեկան էլ շուրջ 500 կգ մեղր է ստանում, իրացնում է հիմնականում Գյումրիում, երբեմն նաև մայրաքաղաքում: Մեղբաբույծը գործից ու աշխատելուց չդժգոհեց, իհարկե, նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ մեղր կստանա` տարին էր չորային: Գյուղացուն առավել շատ մտահոգում էր ջրի խնդիրը, որի մասին մարզպետի մոտ բարձրաձայնեցին նաև համայնքաբնակները: <Ես այցելել ու շարունակելու եմ բոլոր համայնքներ իմ այցելությունները: Ինձ համար չափազանց կարևոր է անձամբ ծանոթանալ համայնքներին հուզող հիմնահարցերին, ձեզանից յուրաքանչյուրի դարդուցավի մասին լսել>,-գյուղացիների հետ զրույցում նշեց Արթուր Խաչատրյանը:
Խմելու և ոռոգման ջրի խնդիրներին անդրադարձան նաև Աղին գյուղի բնակիչները: 611 բնակիչ ունեցող համայնքի դպրոցում սովորում է 63 աշակերտ: Իսահակյան գյուղում էլ ոռոգման ջրի խնդրից զատ, բարձրաձայնեցին նաև փողոցային լուսավորության, մշակույթի տան հիմնանորոգման մասին: <Ոռոգման ջրի խնդիրը այս տարածաշրջանում վերջին տարիներից եկած խնդիր չէ, տասնամյակներ շարունակ խնդիրն առկա է եղել, հիմա մենք հույս ունենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ զարգացում ապահովելու համար խնդիրը կկարգավորվի Կապսի ջրամբարի կառուցմամբ, քանի որ տարածաշրջանի հողերը բերրի են և միայն ջուր չլինելու պատճառով է ցորեն ու գարի ցանվում, այնինչ այստեղ ծիրան էլ կաճեր, հատապտուղներ էլ>,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը:
Լուսաղբյուր, Շիրակավան գյուղերում ևս մարզպետը ծանոթացավ տեղացիներին հուզող հիմնախնդիրներին, անձամբ հյուրընկալեց մի շարք գյուղացիների տանը, զրուցեց նրանց հետ: <Շիրակի մարզի ցանկացած բնակավայրում առկա գլխավոր հիմնախնդիրը աշխատատեղերն են, այս խնդիրը մենք ներառել ենք նաև մեր մարզի զարգացման ռազմավարության մեջ: Օրինակ, Իսահակյանում կար և չնորոգված մշակույթի տան, և մանկապարտեզի շենք, որոնք կարելի է օգտագործել նպատակային` տեքստիլ արդյունաբերության, ռեսուրս կենտրոնների համար, խոսքս կանանց ձեռագործ աշխատանքների մասին է, որոնք ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն>,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը:
Ի դեպ, Շիրակի մարզպետը Լուսաղբյուր գյուղում այցելեց ապրիլյան պատերազմում զոհված Խաչատուրի` <Կասկա Խչոյի> հուշաքարին, այնուհետև գյուղի դպրոցում` Խաչատուրի անվան դասարանում, Արթուր Խաչատրյանը գրառում թողեց նրա հիշատակին բացված հուշամատյանում. < Խաչատուրին, ով իր անձնական օրինակով ցույց տվեց` ինչ է հայրենիքը և ինչի ենք մենք բոլորս պատրաստ մեր երկիրը պաշտպանելու համար: Անմար փարոս, ով ուղղություն է տալիս գալիք սերունդներին>:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44